СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

Վարդան Հակոբյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վարդան Հակոբյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:15

Վարդան Հակոբյան
(90.28 кб) Просмотров: 1955


Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից: Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել):
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
1983թ. մինչև հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար:
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը Պուղի», «Հարություն», «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը:
Բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուների հեղինակ է, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում:
Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակայանի անվան, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակներին:
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում:
Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով, հիշատակության արժանի են նրա ռուսերեն («թսՈջՈ ԽՈՐՈոՈւՈ», Մոսկվա, «Սովետսկի պիսատել», հրատ., 1991թ.) , անգլերեն («101 POEMS», Երևան, «Հայաստան» հրատ., 2005թ.) և ֆրանսերեն («LA RESPIRATION DE LA PIERRE») լեզուներով հրատարակված բանաստեղծական ժողովածուները:
ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է:
Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները» ), պրոֆեսոր:
Վ. Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ. Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ. Շոլոխովի, ՀՀ. Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:18

ԲԱՐԵՎ, ՇԻՐԱԶ

Изображение

Текст:
Հովհաննես Շիրազ... Այս անունն իմ մանկության ու պատանեկության թալիսմանն է: Անուն, որ ինձ համար դարձավ սկզբունք եւ դավանանք, սեր եւ պաշտամունք: Չեմ հիշում, թե առաջին իմ հանդիպումը որտեղ եւ երբ է եղել Շիրազի բանաստեղծության հետ: Կարծես թե այն միշտ էլ եղել է ինձ հետ, իմ մեջ, ինձնից առաջ էլ այն խոսում էր հորս երակներում:
Շիրազը ինձ համար նախ մեծ, շատ մեծ մարդ էր, ապա՝ բանաստեղծ: Նա խոշոր հայրենասեր էր, այլապես, մտածում էի՝ այսքան հզոր բանաստեղծ չէր կարող լինել: Եվ այդպես էր:
Շնչում էի Շիրազով:
Բարեւ Շիրազ,
Հայոց արեւ,
Հայոց ազգին
Հազար բարեւ...:
Նամակը, որ ուղարկեցի Հովհաննես Շիրազին, սկսվում էր այս տողերով: Ես հիմա չեմ հիշում, թե նամակում ինչ էի գրել: Վերջապես, ինչ կգրեր բանաստեղծական աշխարհում իր առաջին ու անփորձ քայլերը կատարող մեկը՝ հայ նորագույն պոեզիայի իր Աստծուն: Եվ շատ ժամանակ չանցած՝ ստանում եմ մի ծրար: Երեւի խորհրդի էր դիմել, դա զգացվում էր Շիրազի պատասխանից.
Բանաստեղծը պիտի ծնվի,
ծնվածն հանք է՝ պիտի հանվի:

Միակ հերոսն աշխարհի մեջ
Բանաստեղծն է խորունկ ու պերճ:

Բայց նա հանք է՝ պիտի հանվի՝
ինչպես ժայռից ծաղիկ ծնվի:
Շիրազի ոչ մի գրքում տեղ չգտավ այս հրաշալի բանաստեղծությունը: Երեւի հանպատրաստից գրել ու ծրարելով, ուղարկել է ինձ՝ չպահելով ձեռագիրը: Չեմ կարող ասել, թե ինչպիսի ուրախություն ու ոգեւորություն բերեց ինձ այդ նամակը: Սովորում էի Հին Թաղերի միջնակարգ դպրոցում: Ընթերցում ու վերընթերցում էի Շիրազի տողերը: Երկու անգամ կարդալուց հե տո անգիր գիտեի, ինչպես Շիրազի ամբողջ «Քնար Հայաստանին», առանձին պոեմներ: Բայց արտասանելը ուրիշ է, կարդալը՝ ուրիշ: Չէ՞ որ Շիրազի ձեռագիրն եմ ընթերցում, չէ՞ որ այդ թղթին դիպել է Շիրազի ձեռքը... Ուսումնասիրում էի բանաստեղծության յուրաքանչյուր տառը. Շիրազի «ա»ևն, Շիրազի «ն»ևն, ահա... Մի խոսքով, գիշերն էլ մի քանի անգամ արթնանում էի ու վերընթերցում Շիրազի նամակը...
Ապրում էինք դպրոցի հանրակացարանում: Մի լավ ընկեր ունեի՝ Գրիշա անունով: Գրքից հեռու էր սակայն: Ու մի օր էլ, երբ գրականության ուսուցչուհին՝ Արշալույս Ավետիսյանը, կազմակերպեց արտասանության մրցույթ, առաջնություն գրավեց նաեւ Գրիշան, իմ ընկեր Գիրին... Արտասանում էր Շիրազից: Ինձ համար էլ դա զարմանալի էր, ախր նա ոչ մի անգամ գիրք չէր կարդում... Ինչո՞ւմն էր բանը:
-Իմ արտասանությամբ ամենից շատ ես եմ զարմանում,և ինձ հետո ասել է Գիրին,և ինքս էլ չգիտեի, որ այդքան բան եմ իմանում Շիրազից... Մեղավորը դու ես, քնած տեղս էլ եմ Շիրազ լսում... Սկսեցի արտասանել ու տեսա, որ չէ՝ իրենքևիրենք գալիս են...
Իմ օրինակով մեր դպրոցից մի քանի հոգի նամակով դիմեցին Շիրազին: Պատասխան չկար: Մի ընկեր էլ, որ դարձյալ բանաստեղծական փորձեր էր անում, նամակ հղեց մեծ բանաստեղծին: Բայց, որքան գիտեմ, նրա նամակը շարադրել էր դպրոցի ուսուցիչներից մեկը: Դարձյալ անարդյունք մնաց: Երեւի, մտածում եմ հիմա, Շիրազը զգացել էր նամակի ոչ «խամ» լինելը... Ես ուրախանում ու հպարտանում էի ինձ վիճակված բախտով՝ Շիրազն ինձ պատասխանել է:
Ես շարունակում էի նամակներ հղել՝ առանց մտածելու, որ սիրելի բանաստեղծի ժամանակից կարող եմ թանկագին պահեր խլել իմ համառությամբ: Հենց այդ օրերին լրանում էր Շիրազի ծննդյան 50-ամյակը: Շնորհավորեցի մի բացիկով եւ, եթե չեմ սխալվում, հորս կողմից խմբագրված երկու բանաստեղծությամբ՝ նվիրված Շիրազին: Հայրս եւս ստեղծագործում էր եւ ընդգծված շիրազական էր:
Նամակում, ինչքան հիշում եմ, գրել էի նաեւ իմ ցանկության մասին. ուզում էի անձնագրային «Սլավիկ» անունս փոխարինել «Հայկ» անվամբ, որը խիստ հայկական է ու նաեւ բանաստեղծական... Սիրտս ամբողջովին բացում էի ուսուցչիս առաջ: Որոշ ժամանակ պատասխանն ուշանում է: Երկու շաբաթն անցնում է, անհանգստանում եմ արդեն՝ չլինի՞ հանկարծ մի բան չեմ գրել այնպես, ինչպես պետք է... Ինձ հետ մտատանջվում էր այն աղջիկը, որին սիրում էի: Ամեն օր գնում էի փոստ ու քանի որ արդեն բոլորը գիտեին ինչի համար եմ եկել, լուռ սպասում էի՝ նամակ լինի՝ կասեն: Եվ մինչեւ որ չէի լսում՝ նամակ չի եկել, չէի հեռանում: Փոստն այդ ժամանակ ձիով էին բերում հարեւան գյուղից, շատ հաճախ հենց այդ ձիավորից էի իմանում՝ նամակս կա՞, թե չէ: Մի օր էլ, երբ տխուր կանգնել փոստի մոտ ու սպասում էի, ինձ մոտեցավ փոստի հավաքարարուհին.
-Նամակներ են բերել, բայց դեռ փոստում մարդ չկա, որ նայի, բաժանի, արի ու նայիր՝ գուցե նամա՞կ ունես... Ամա ուրիշի չասես, որ ես եմ թույլ տվել նայես նամակները:
Ներս եմ վազում: Ու չեմ ընթերցում հասցեները, Շիրազի ձեռագիրն եմ փնտրում ծրարների վրա: Եվ հանկարծ աչքերս փայլում են անասելի ուրախությունից: Ինչ երանական պահեր էին: Նամակը վերցնում, դուրս եմ նետվում: Ու վազում եմ, վազում եմ դեպի հանդերը, որ մենության մեջ կարդամ: Կարծես աշխարհի ամենամեծ գաղտնիքը պետք է այնտեղ լինի, ու ես պարտավոր էի զգում այն պահել... Հին-թաղերցիներն իմ «գժությամբ» էին բացատրում եւ այն հանգամանքը, որ արժանացել եմ իմաստուն ու խենթ Շիրազի ուշադրությանը: Ինձ մնում էր շատից-քչից ունեցած իմ «խենթություններով» հպարտանալ: Իսկ երբ սկսում էի Շիրազի պոեմները արտասանել ժամերով, ողորմածիկ տատիկս՝ Սաթենիկ անունով, որ շատ բարի, բայց կյանք ու տառապանք տեսած, հավատով կին էր, զարմանքից ձեռքը շուրթերին էր տանում եւ վախեցած-վախեցած, թաքուն հանդիմանում մորս.
-Բա որ գլխում բան չլինի տեղահան եղած, էդքան ո՞նց կհիշի, չե՞ք տեսնում, որ երեխան քաշկուտ է ընկել... Տարեք մի բախտ եշողի կողք...
Իսկ երբ մայրս ծիծաղում էր ու չէր արձագանքում, Սաթենիկ տատս շտապում էր ինքն իրեն հանգստացնել.
-Դեհ, ասենք, Զառունք բոլորն են էդպես...
Մի օր էլ որոշեցի տատիկիս համար կարդալ Շիրազ: Սկսեցի արտասանել Շիրազի «Մայրականից»... Լսեցևլսեց, հետո թե՝ էդ սուրբ մարդ է, նկարը չունե՞ս...
ևՈւնեմ, ուզո՞ւմ ես տեսնել...
ևՄի բեր, տեսնեմ...
Շիրազի նկարը («Քնար Հայաստանիի» առաջին էջում) ցույց եմ տալիս տատիկիս: Համբուրում է մի քանի անգամ ու հանկարծ ասում.
-Առաջներում մեծ մարդիկ մորուք էին պահում...
Հետո հաճախ էր տատիկս հարցնում Շիրազի մասին, որի անունը լավ գիտեր, հաճախ էր նրանից իմ արտասանած մտքերով ինձ դաստիարակում:
... Այսպես ահա: Նամակի պատմությունից շատ շեղվեցի: Խոսքը խոսք է բերում: ՈՒրեմն՝ նամակը կարդում եմ հափշտակությամբ: Ահա այն ամբողջությամբ.

«Սիրելի պատանի
Հակոբյան Ս.
Ստացա փոքրիկ նամակդ ու ինձ նվիրած բանաստեղծությունդ, խորին շնորհակալություն երկուսի համար էլ: Ուրախ եմ, որ խելքի ես գալիս եւ օտար ափերուդ անունդ դեն ես ձգում՝ հագնելով հայոց արծվենի անունը՝ Վարդան, այն, որ Ավարայրն է հիշեցնում միշտ եւ սաստում է ազգի դավաճաններին (որոնցով լիքն է իմ շուրջի Հայաստանիկը): Ապրես, որ միշտ ստեղծագործում ես...
Հուսանք...
Հ. ՇԻՐԱԶ»:

Ես այն ժամանակ, իհարկե, չհասկացա ինչ դավաճանության մասին է խոսքը, հետո իմացա, թե ինչի մասին է ակնարկում բանաստեղծը:
Ես ուզում էի Հայկ վերանվանվել, բայց Շիրազը իմ ցանկության մեջ մտցրեց արծվենի անունը՝ Վարդան... Մեծ բեռ էր դրվում ուսերիս: Դժվար է կրել նման անուններ, մանավանդ, երբ տրվում են Շիրազի նման մարդկանց կողմից: Ինչ արած, կամովին էի բեռան տակ մտել... Այդ օրվանից օրինական հպարտությամբ եմ կրում Վարդան անունը: Ու միշտ մտածում եմ արժանիորեն կրել այն...
Շիրազն այդպես դարձավ կնքահայրս: Ու հիմա էլ, երբ լսում եմ նրա անունը, ընթերցում նրա տողերը, սիրտս պատառևպատառ է լինում: Ոչ միայն Հին Թաղերը, այլեւ ամբողջ շրջանը գիտեր արդեն շիրազականիս մասին, որպես «շնորհալի մի պատանու»: Ինձնից անկախ ես ընկնում էի մեր ձորերում Շիրազի մասին հյուսվող լեգենդների մեջ: Եվ ամենից շատ իմ շիրազականությամբ հպարտանում էր ընկերս՝ Գիրին:
-Արի մի անգամ փախչենք դպրոցից, գնանք տեսնենք, գանք,և խորհուրդ էր տալիս նա՝ հիմք ընդունելով իր տարիքային «ավագությունը»:- Ամոթ է, այսքան ժամանակ ճանաչում ենք իրար ու սիրում, բայց դեռ չենք հանդիպել:
Ես չհամաձայնեցի: Դա չարինք, որովհետեւ մտածում էի՝ իսկ եթե հանկարծ Շիրազը հարցնի մեզանից՝ բա դուք հիմա դասի չե՞ք լինում, ի՞նչ պիտի ասենք...
Գիրին զիջեց՝ իսկապես, հանկարծ վատ կմտածի մեր մասին:
Ակամայից Գիրին դարձավ իմ «բանաստեղծական փառքի» պրոպագանդիստը: Գիրին դասարանից դասարան էր փոխվում նույն նստարանին 2-3 տարի նստելուց հետո, նրա «վատ» սովորելու մասին գիտեին բոլորը: Ինձ հետ էր սովորում, բայց տարիքով մեծ էր ինձանից, շատ հաճախ փոխադրում էին բարձր դասարան՝ անհարմար զգալուց... Բայց Գիրին մի բան էր հաստատել.
-Տեսեք, ինչքան մեծ պոետ է Շիրազը, որ Գիրին էլ է իրեն անգիր իմանում...
Շիրազի նամակները, ցավոք, զայրացնում էին իմ ուսուցիչներից մեկին, որի դասերը լավ չէի սովորում:
-Փոխանակ նամակներ գրես գրողներին, վերցրու դասդ սովորիր...
Հիմա ցավով եմ հիշում այդ մարդուն ու նրա խոսքերը, մանավանդ, ինձ ոչ ոք այդպես ընկճել չէր կարող...Շիրազն արդեն ինձ հետ էր, իմն էր աշխարհը: Իսկ ահա իմ գրականության ուսուցչուհին, իմ այնքան սիրելի Արշալույս Ավետիսյանը, ինձ շատ էր հավանում, թաքուն թախծում էր անգամ իմ եւ սիրածս աղջկա սիրո անհամաձայնություններից:
Ուսուցչուհուս նախաձեռնությամբ որոշեցինք Հին Թաղերի ակումբում լայնորեն նշել Շիրազի ծննդյան 50-ամյակը: Զեկուցումը պետք է ես կարդայի: Ես զգում էի, որ ուսուցչուհիս իմ միջոցով ուզում էր «մատ» հայտարարել ինչևոր մարդկանց... Եվ հպարտ էի վատ աշակերտ չլինելու համար... Երեկոն անցավ սպասածից հաջող: Քսանհինգ րոպե բանավոր խոսեցի Շիրազի պոեզիայի մասին, կես ժամից ավելի էլ արտասանեցի նրա գործերից: Հետո Շիրազի տեքստերով երգեր հնչեցին...
Քանի որ կյանքում առաջին անգամ էր նման գործ վստահվում ինձ, լավ էի պատրաստվել զեկուցմանը: Օգտագործել էի անգամ այնպիսի բառեր, որոնք մինչ այդ չէին հնչել գյուղում: Վերջում ինձ մոտեցավ իմ լավագույն ուսուցիչներից մեկը՝ Գառնիկ Ամիրյանը եւ հարցրեց. ևԱյնտեղ «Ֆաբուլա» բառը օգտագործել ես, գիտե՞ս ինչ է նշանակում:
-Իհարկե:
Եվ բացատրեցի: Գոհ մնաց: Ինձ հետ մտերիմ էր: Ինքն էլ էր գրում բանաստեղծություններ, բայց շիրազական չէր: Ավելի շատ հակում ուներ դեպի Համո Սահյանը, որի նկատմամբ էլ ես մեծ սեր ունեմ...
Եվ այսպես, շիրազյան շնչով իմ պատանեկության ամենագեղեցիկ օրերն էին անցնում: Շիրազով քուն մտնում ու զարթնում էի... Ես նրան իմ նամակներում գրում էի ամեն ինչի մասին՝ ինչ որ բանաստեղծական «հովերով» լիքը գլուխս էր թելադրում իմ այդ գրեթե մանկական հասակում: Իմ ուսուցիչներից մեկը խորհուրդ տվեց ինձ՝ հարցրու Շիրազին քո բանաստեղծությունների մասին, թող դիտողություններ անի եւ այլն... Ու իմ նամակի մեջ գրեցի այդ ամենի մասին: Պատասխանը չուշացավ: Նա գրում էր, որ դիտողությունների չսպասեմ, շարունակեմ ստեղծագործել, շատ ու շատ կարդամ, քանի որ ընթերցանությունը շատ բան կսովորեցնի:
Երբ ես վերջերս Շիրազի նամակները իրար էի բերում, որպեսզի շարադրեմ հուշերս, ցավով նկատեցի, որ այս նամակը չկա, մնում է միայն ծրարը: Աշակերտական ընկերներիս թերթերո՞ւմ էր մնացել, թե՞ ուսանողական տարիներին եմ կորցրել, չգիտեմ: Գրում եմ՝ ի մի բերելով հիշողությանս մեջ մնացածը...
Այդ նամակը, հիշում եմ, տվի ինձ չսիրող ուսուցչիս: Դասի կեսին սկսեց բարձրաձայն կարդալ՝ տարօրինակ մեկնաբանություններով, հետեւություններով.
ևՏեսնու՞մ ես, քեզ երեխայի տեղ է դնում... Իսկ սխալներդ այնքան շատ են, որ ավելորդ է համարում ուղղել, ասում է՝ երբ մեծանաս, ինքդ կզգաս...Հետո՝ ասում է «շատ, շատ կարդա», նշանակում է, որ քեզ մոտ կարդացածության շատ պակաս է տեսնում...
Լսում էի ու քիչ էր մնում լաց լինեի: Մտածում էի՝ ինչ կասի սիրածս աղջիկը, եթե այս ամենի մասին հանկարծ իմանա:
Շտապում եմ գրել հաջորդ նամակը, որտեղ Շիրազին հրավիրում եմ Ղարաբաղ, Հին Թաղեր... Հրավիրում եմ այնպես, ինչպես կարող էր որդին հորը հրավիրել տեսակցության, անվերջանալի երկար սպասումից հետո:
Երկար, շատ երկար սպասեցի պատասխանին:
Եվ մի օր էլ, վերջապես, ստացա մի փոքրիկ գրություն:
«Սիրելի Վարդան, կներես, որ ուշացումով է պատասխանվում Ձեր նամակը եւ այն էլ Հ. Շիրազի քրոջ կողմից: Նա այժմ Լենինականում է գտնվում: Կգա, կպատասխանի Ձեր նամակին»: Ու այսպես... Օրերը գնացին: Պատասխան չստացա եւ ինքս էլ այլեւս չգրեցի: Ավելին, սկսեցի մտածել՝ հո մի վատ բան չե՞մ արել, որ հրավիրել եմ, գուցե գրել եմ բառեր, որ պետք չէին: Իսկ գուցե նամակս չի՞ ստացել: Բայց հիշում եմ, որ նամակը գրվել է այնպիսի ներշնչանքով ու ինքնամոռացությամբ, ինչպիսի նվիրումով միայն հավատացյալն է աղոթում...
Օրերը տարիներ են դարձել: Միջնակարգն ավարտել եմ: Որեւէ բուհում սովորելու հույսը լցրել է իմ օրերը: Եվ Երեւանում, համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմելուց ու թղթերս ետ ստանալուց հետո (քանի որ դպրոցում օտար լեզու չէի անցել, փաստաթղթերս չվերցրին) ստիպված եղա մեկնել Բաքու:ևԵթե ստացվի՝ ինստիտուտ ընդունվես Բաքվում, գոնե քրոջդ մոտ կլինես, աղջիկ խոխա է...,և ասում էր հայրս,և ես էլ իմ գործին կգնամ, խոտհարքի ժամանակ է գյուղում:
Դեհ, քանի որ ժուռնալիստիկայում չի ստացվել, ինձ համար մեկ էր, թե որ ինստիտուտում, որ բաժնում կսովորեի: Լսեցի հորս, ու մեկնեցինք Բաքու:
Վերադարձից առաջ փորձեցի Շիրազին հանդիպել: Չստացվեց: Դռան զանգի վրա դուրս եկավ մի երիտասարդ կին եւ ասաց, որ Շիրազը տանը չէ, ուշ կգա... Աստիճանների վրա կանգնած, հորս հետ վիճում էի... Ես ուզում էի այդտեղ, հենց միջանցքում, սպասել այնքան, մինչեւ կերեւա Շիրազը: Հայրս ավելի սթափ էր մտածում.
-Ա խոխա, Շիրազը ես եմ, ես էլ գիշերվա մեկին եմ գալիս, էդքան ստեղ սովածևծարավ սպասելու ե՞ս...
Հայրս դեռ խոսքը չէր ավարտել, երբ մի երիտասարդ՝ բարձրանալով աստիճաններն ի վեր, դիմեց մեզ.
-Դուք ո՞ւմ եք ուզում:
Երեւում էր, որ այդ շենքում ապրողներից էր:
-Շիրազին... Չգիտե՞ք երբ կգա, որտեղ է,և միամտաբար հարցրի ես:
-Շիրազը...,և իզուր եք սպասում, նա շատ ուշ կգա, գալուց էլ, ով գիտե, խմած, օրորվելով...
Ես չթողեցի, որ նա շարունակի: Տեսնում էի, որ մաղձ կա այդ մարդու մեջ: Հենց այդպես թողեցի խոսելիս ու հեռացա: Ու երկար ժամանակ մտածում էի՝ այնքան լավ մարդու եւ գրողի հարեւանությամբ ինչո՞ւ են այդպիսի մարդիկ ապրում...Գնացինք գրողների միություն: Այնտեղ Սարմենն էր միայն: Պատմեցինք իմ ով լինելու մասին եւ շեշտեցինք, որ Շիրազին ենք ուզում: Եթե Շիրազը տեղում չէ, ասացինք, Համո Սահյանին կուզեինք տեսնել...
Համո Սահյանն էլ տեղում չէր:Այդ պահին ներս մտավ Գեղամ Սարյանը՝ ամբողջովին սպիտակի մեջ՝ եւ վարսերը, եւ զգեստները... Կարծես անբիծ մաքրության մարմնավորում լիներ երկրի վրա: Բարեւելուց հետո հարցրեց.
-Սարմեն, ովքե՞ր են այս մարդիկ...
-Ղարաբաղից են: Այս տղան,և ցույց տվեց ինձ,և գրում է, ուզում է անպայման Շիրազին կամ Սահյանին ցույց տալ գրածները:
Նրա ոճի մեջ դժգոհության երանգներ կային, որ իրեն, իբրեւ թե, չէի ուզում վստահել գրածներս:
-Շատ լավ է անում,և ասաց Սարյանը ու դարձավ ինձ,և ուրեմն Լեռնային Ղարաբաղի՞ց ես եկել... Բա Ղարաբաղը ինչո՞ւ չես բերել:
Մի քանի հարցուփորձից հետո խորհուրդ տվեց, որ գործերս թողնեմ Սարմենի մոտ, նա կկարդա, վաղը, մյուս օրը պատասխանը պատրաստ կլինի: Բայց հաջորդ օրը պիտի մեկնեի Բաքու: Տետրս թողեցի Սարմենի մոտ, դուրս եկա հորս հետ, սակայն դրսում մտքափոխ եղա եւ անմիջապես վերադառնալով, ետ վերցրի տետրը:
... Բաքվում ավարտեցի մանկավարժական ինստիտուտը, աշխատանքի անցա «Սովետական Ղարաբաղ» թերթում: Մի օր էլ, երբ արդեն թերթի խմբագրի տեղակալն էի, փոստում երեւաց բանաստեղծությունների մի շարք, հեղինակը՝ Հովհաննես Շիրազ... Աչքերիս չէի հավատում: Ընթերցում, վերընթերցում էի տողերը, աչքերով խմում Շիրազի բառերը:
Պարզվեց, որ այն ժամանակվա գրականության բաժնի վարիչ Գուրգեն Գաբրիելյանը տեղյակ է շարքին: Մինչեւ կլուծեինք տպագրության հարցը, շարքը անհետացավ...
Կարծում եմ, կգտնվի մի օր:
Մի երկու տարի անց ես Երեւան մեկնեցի: Լենինի պողոտայի վրա, հիվանդանոցի դեմևդիմաց, փոքրիկ զբոսայգում նստած էի, երբ հեռվից նկատեցի մոտեցող Շիրազին: Իհարկե, մինչ այդ Երեւանում շատ էի եղել, հեռվից նայել ու հիացել էի Շիրազով, բայց համարձակությունս միշտ էլ չէր հերիքել, որ մոտենամ... Ուզում էի Հայաստանում տպագրված մի լավ գիրք ունենալ ու դրանով ներկայանալ իմ մեծ ուսուցչին:
Բայց ահա առիթը ստեղծվել էր ինքնըստինքյան: Մինչ նա կմոտենար (խոհերով տարված, քայլում էր), ես վեր կացա, շտկվեցի, մոտեցա վախվորած քայլերով.
-Բարեւ, ընկեր Շիրազ..., և ու մեկնում եմ ձեռքս:
-Բարեւ,և ու տնտղումով նայում է ինձ, տեսնի՝ ճանաչո՞ւմ է, արդյոք...
-Ես Վարդանն եմ... Իմ անունը Դուք եք դրել... Ես գրում եմ բանաստեղծություններ: Նամակներ էի գրում Ձեզ ու Դուք պատասխանում էիք...
Նոր միայն Շիրազը բռնում է իմ մեկնած ձեռքը...
-Ինչպես է անո՞ւնդ...
-Վարդան: Սլավիկ էր...
-Ե՞ս եմ փոխել...
-Այո...
Ու պատմում եմ, թե ինչ է գրել: Հետո ավելացնում եմ.
-Ձեր բանաստեղծություններից մեկն ինձ մոտ է, ձեռագիր: Ոչ մի գրքում չեք դրել, մտածեցի՝ գուցե օրինակը չունեք...
-Հաբա՞, մի արտասանիր, գիտե՞ս բերանացի...
-Արտասանում եմ.
Բանաստեղծը պիտի ծնվի,
Ծնվածը հանք է՝ պիտի հանվի:
Լսում է մինչեւ վերջ, ապա խիստ աշխուժացած ուղղում ինձ.
-Ոչ թե «ծնվածը հանք է՝ պիտի հանվի», այլ՝ «ծնվածն հանք է»: «Ը»-ի տեղ «ն»՝ «ծնվածն հանք է՝ պիտի հանվի»... Չի կարող, որ «ը» լինեմ գրած... «ն» պետք է լինի: Նորից արտասանիր:
Հազար անգամ էլ ուզեր՝ կարտասանեի:
-Այ տղա, դա հանճարեղ բանաստեղծություն է...
Չեմ կարող ասել, թե որ երկնքում էի այդ պահին: Իսկ Շիրազը մեկ ձեռքն էր դնում ուսիս, մեկ հարցումներ էր անում, մինչեւ որ վերջապես հիշեց իմ մանկական նամակները...
-Ձեր գյուղի անունը ո՞նց էր... Թը, Թը... Դպրոցի հասցեով էի ուղարկում նամակները:-Հին Թաղեր...
-Այո, այո, Հին Թաղեր... Դե, Հին Թաղեր, էլի, ինչու՞ Թաղ-լար... Հա, քո մասին վերջերս ինձ ո՞վ պատմեց... Երեւի Գուրգեն Գաբրիելյանը: Նա ինձ ասել է, որ... մերժել են իմ բանաստեղծությունները...
Ես, ճիշտն ասած, մերժվածությանը տեղյակ չէի, բայց ինձ ասել էին, թե բանաստեղծություններն անհետացել են, թե ուր, այդպես էլ պարզել չկարողացա:
ևԻսկ դու կարո՞ղ ես քո բանաստեղծություններից արտասանել,և հանկարծ հարցրեց Շիրազը:
Արտասանեցի «Հայաստան» բանաստեղծությունը:
-Լավ է,և ասաց,և բայց ինչու՝ «Այստեղ, այս անլուռ քարերի վրա», գրիր՝ «Այնտեղ», թող իմանան, որ այնտեղ էլ մխրճված են քո արմատները:
Փոքր-ինչ լռելուց հետո.
-Մեկ ուրիշն արտասանիր:
Արտասանում եմ իմ «Օջախ» բանաստեղծությունը:
-Լավ է, միայն թե տողը փոխիր. ոչ թե «Ու կրակի պողերը թեժ՝ չեն էլ այրում մատներն իմ մոր», այլ՝ «Ու կրակի պողերը թեժ՝ համբուրում են մատներն իմ մոր»... Այսպես ավելի նուրբ է, ավելի քնարական ու ճիշտ... Թող կրակը համբուրի ձեռքերը մոր, դա ավելի գեղեցիկ է... Մեկն էլ արտասանիր:
Այս անգամ էլ արտասանում եմ ավանդական չափով գրված իմ «Խաղողենին»:
-Լավ է, դա ավելի լավ է...
Ու սեղմելուվ ձեռքս, ուզում է հեռանալ.
-Երեկոյան կգաս տուն, ավելի հանգամանորեն կխոսենք: Ճանաչո՞ւմ ես իմ տունը... Անպայման կգաս, բան պիտի ասեմ...
Ասացի.
-Անպայման կգամ, իհարկե:
Շրջվեց, որ գնա, հանկարծ նորից հայացքը դարձրեց դեպի ինձ:
-Տես, հա, ես ասացի բանաստեղծություններդ լավն են, չասացի թե՝ լավագույնն են... Հասկացա՞ր...
-Հասկացա...
ՈՒ մտքումս շարունակեցի. «Հասկացա, Շիրազ ջան, հասկացա, դու՝ ոգեղեն հրաշք, դու՝ երգի արքա, դու...»:
Հիմա ինձ անիծում եմ հազարևհազար անգամ, որ այդ երեկո չկարողացա գնալ Շիրազի մոտ: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ չկարողացա խոստումս կատարել: Եվ չեմ ների ինձ երբեք:
Մտածում էի, որ մի անգամ հատուկ կգնամ Երեւան՝ Շիրազին տեսնելու համար: Այդ հաջորդը եւս ձգձգվեց:

* * *
Հայաստանի հեռուստակոմիտեից տղաներ էին եկել Ղարաբաղ, գրողների մեր բաժանմունքում էլ նկարահանումներ արեցին: Ամիսներ անց Բակուր Կարապետյանը զանգեց Երեւանից.
-Վարդան, այսօր երեկոյան «Լրաբերով» ձեր մասին հաղորդում կլինի: Տղաներին ասա, որ դիտեն:
Ստեփանակերտի որոշ թաղամասերում հնարավոր էր դիտել Հայաստանի հեռուստատեսությամբ տրվող հաղորդումները: Ոչ մաքուր, բայց հնարավոր էր: Մշակույթի քաղաքային տանը հեռուստացույցը պարզ էր ցույց տալիս երեւանյան հաղորդումները: Ես եւ բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը բաժանմունքից մեկնեցինք մշակույթի տուն, սպասեցինք, հենց որ պիտի մեր մասին հաղորդումը սկսվեր, սկսեցին ցույց տալ Հովհաննես Շիրազին: Սակայն... Հաղորդումը ուղեկցվում էր տխուր հայկական մեղեդիներով: Սիրտս պոկվեց տեղից: Արցունքները մեր սրտից ու աչքերից հոսում էին ու հոսում: Մահացել էր Հովհաննես Շիրազը, իմ Շիրազը...
Գլխիկոր, ջարդված եկանք բաժանմունք, զանգեցինք Գուրգեն Գաբրիելյանին, նա էլ եկավ մեզ մոտ... Գլուխ-գլխի տվինք, լաց եղանք անօգնական երեխաների պես:
Որոշեցինք, որ Արցախի ժողովրդի անունից պատվիրակություն պիտի մեկնի Երեւան, պայմանավորվեցինք այդ մասին տեղյակ պահել կուսակցության մարզկոմին: Առաջին քարտուղարը բացակայում էր քաղաքից: Կուսակցության մարզկոմի երրորդ քարտուղարի մոտ գնացի, հայտնեցի բոթը: Հետո ասացի գրողների Երեւան մեկնելու մտադրության մասին: Չկարողացավ որոշել՝ թողնել, թե չթողնել... Մանավանդ՝ ինչ կասի առաջին քարտուղարը: Բաքուն ի՞նչ կմտածի, կասի՝ նացիոնալիստական դրսեւորումներ են... եւ այլն:
Ես տեսա, որ մարզկոմի քարտուղարը դես ու դեն է ընկնում, կարճ կապեցի խոսքս.
- Թողնենք, չթողնենք, ես անպայման գնալու եմ: Դա վճռված է... Ես չեմ կարող չգնալ...
- Այդ դեպքում...
Նա հասկանալիորեն իրեն ապահովագրում էր վաղվա կեւորկովյան պատասխանատվությունից: Մենք որոշեցինք առանց այդ պաշտոնական քաշքշուկների, ուղղակի առավոտյան զարթնել վաղ ու մեկնել: Այդպես էլ արեցինք: Բայց մինչեւ մեկնելը գործ ունեինք անելու: Նախ՝ գիշերը ես մի փոքրիկ խոսք պատրաստեցի՝ գուցե Արցախի անունից հանդես գալու կարիք լինի:
Անպայման պիտի գնանք ու հուղարկավորությանը մասնակցենք: Ղարմետաքսկոմբինատում մի խառատ կա: Հրաշալի մի վարպետ, անունը Հրայր է: Վարպետ Հրայր ենք ասում: Հաջորդ օրը Հրաչիկը, Գաբոն եւ ես գնացինք վարպետ Հրայրի մոտ ու խնդրեցինք նրան՝ սգո պսակ սարքել:Շատ ցավեց:
-Շիրազը իմ բանաստեղծն է,և ասաց ու աչքերը լցվեցին:
Խոստացավ, որ ինչքան ուժ ու կարողություն ունի, կներդնի ծաղկեպսակի պատրաստման գործում: Պսակի բարձրությունը պետք է լինի մետրուկես: Վարպետ Հրայրը վարպետորեն գործ բռնեց: Պսակի երկու հետաոտքերին երեքական մոմակալներ էր պատրաստել, մոմակալների վրա գրել. «Հովհաննես Շիրազին՝ վարպետ Հրայրից»:
Ղարաբաղյան բազմազան ծաղիկներով պսակն ասես ամբողջականացնում էր արցախական աշխարհի սուգը... Ծաղիկների մեջտեղում դրինք Հովհաննես Շիրազի մեծադիր նկարը՝ Մասիսների ու արարատյան բարդիների ֆոնին...
Գրողների միության բաժանմունքի մեքենայով գիշերը ճանապարհ ընկանք դեպի Երեւան... Չգիտեմ՝ ինչից խոսել, ինչից չխոսել: Սրտատանջ էինք լինում: Առաջին անգամ պիտի մտնեմ Երեւան... Շիրազը այլեւս չլինի: Ամեն անգամ, երբ Երեւան էի գնում, չնայած չէի հանդիպում Շիրազին, բայց եւ այնպես զգում էի նրա ձայնի, շարժման, գոյության արձագանքները: Շիրազի կերպարում տեսնում էի ամբողջ Հայաստանը: Ինձ թվում էր, թե ամենագեղեցիկ շենքն էլ գեղեցիկ չէր լինի, եթե Շիրազը մեկևմեկ չքայլեր նրա կողքով...
Սգում էր ամբողջ Հայաստանը, հայ ժողովուրդը... Սեւ երիզների մեջ էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի շենքը, որտեղ դրված էր հանճարեղ բանաստեղծի դին: Ամբողջ Հայաստանն ասես խմբված էր այդ շենքի շուրջ, քայլելու տեղ չկար... Միայն միլիցիոների օգնությամբ, երբ հայտնեցինք, թե մեր պատվիրակությունը որտեղից է, կարողացանք մտնել շենքից ներս: Չորս հոգով էինք՝ Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Հովհաննիսյանը, Գուրգեն Գաբրիելյանը եւ ես:
Ծաղկեպսակը տեղավորեցինք հարյուրավոր ծաղկեպսակների մեջ: Արցախական ծաղկեսուգի միջից մեսրոպյան տառերը շշնջում էին. «Հովհաննես Շիրազին՝ Լեռնային Ղարաբաղից»: Պատվո պահակ կանգնեցինք եւ մենք:
Ես վերջին անգամ նայում էի իմ կուռքին՝ աստվածային բանաստեղծին: Շուրջը խոշոր-խոշոր արցունքներով խմբված էին նրա որդիները: Ահա եւ Արայիկը.

Արայիկը,
Իմ բալիկը,
Իմ ծով սրտի
Ջինջ ալիքը:
Թող միշտ շողա,
Միշտ շողշողա,
Սիրտս՝ նրա
Խաղալիքը...
Արայիկն այս անգամ չէր շողում, այս անգամ սեւի մեջ էր: Մեկ փոքրիկ եղբայրներին էր գրկում, նրանց արտասուքը սրբում՝ իր արցունքները աչքերում պահած, մեկ քույրերին էր մոտենում...
Արտասուքներն ասես ծանր-ծանր, Մասիսի պես կախվել էին Շիրազի մեծ աղջկա աչքերից: Եվ, աստված իմ, որքան է աչքերի մանուշակագույնը նման հոր աչքերին... Ապա՝ այս փոքրիկները...
... Մի փոքրիկ ելույթ էի պատրաստել, իմ ներսում համոզված լինելով, որ միեւնույն է, եթե ինձ խոսք տալու լինեն թաղման արարողության ժամանակ, պիտի, սովորությանս համաձայն, գրածս մի կողմ թողնեմ ու խոսեմ բանավոր: Բայց ստացվեց այնպես, որ Երեւանում մեր խոսելու մասին չուզեցին էլ լսել:
և Ադրբեջանից մի հոգի խոսելու է, հերիք է,և ասացին:
Մենք գնացինք շշմած: Այս ինչպե՞ս են մտածում: Ո՞նց թե... Ուրեմն... Գլխում տեղավորելու բան չէր մեր լսածը: Բայց, ի՞նչ արած, այդպես էլ եղավ: Եվ Ադրբեջանից էլ եկել էր ու խոսք ասաց մի երիտասարդ բանաստեղծ /անունը չեմ էլ ուզում տալ/, որը մտածողությամբ այնպիսինն էր, որ մեր խորին համոզմամբ իրավունք էլ չուներ հայ ժողովրդի ծանր սգի օրերին ոտքը Հայաստանի սահմաններից ներս դներ... Բայց, ինչ արած, կառավարությունը գտել էր, որ «ինտերնացիոնալիզմի» այդ երակը շատ է անհրաժեշտ Շիրազին...
Ինչեւէ: Սցենարը չփոխվեց: Շիրազը շատ դաժանությունների է դիմացել: Դրան էլ դիմացավ: Իսկ մեր սրտի փոքրիկ խոսքը այդպես էլ մնաց չասված: Ահա այն.
«Դժվար է հավատալ:
Եվ այս էլ որերորդ անգամ այս բառերը հնչում են մեր շուրթերից, ճակատագիրն ասես նորից ու նորից մեր հավատքն է ուզում փորձել, բայց միեւնույն է, մենք չենք հավատում մահին:
Շիրազը չի մեռել, Շիրազը չի մեռնելու...
Մահը պարտված է Շիրազի առաջ: Մենք միշտ կյանքի ու հաղթանակի հավատավորն ենք:
Մենք Հովհաննես Շիրազի հավատի հավատավորն ենք: Շիրազը հավերժությունն է գարնան, որ պիտի կրկնվի բոլոր սերունդների մեջ... Էլ ո՞ւմ, եթե ոչ Շիրազին պետք է տրվի չմեռնելու իրավունքը:
Աշխարհի այդ ո՞ր անկյունն է, որտեղ չեն ապրում մեր ժողովրդի զավակները: Եվ ահա այսօր Շիրազի մահվան բոթը ցնցել է աշխարհի բոլոր ծագերը:
Ահա քանի ու քանի տարի է մեր օդն ու երկինքը լիքն են Շիրազով ու այն ամենով, ինչ շիրազյան է...
Շիրազը չի մեռել, նա պիտի ապրի, որպես ժողովրդի անմահ ոգի, նա պիտի ապրի իր անմեռնելի երազները կատարված տեսնելու համար:
Երազների հետ ապրում են երազողները: Շիրազը հանճարեղ երազող էր:
Շիրազը Արարատյան այն գագաթն է, որ մահվան ջրհեղեղում էլ բարձր է մնում, մնում է վեհ ու վսեմ... Ու նրա երգը աղավնի է, ձիթենու ծաղկած ճյուղ է բերում մեր ժողովրդին...
Շիրազը հայ ժողովրդի ոգին է:
Ղարաբաղ աշխարհի, նրա սարերի ու ձորերի, Քիրսի ու Մռավի ունքամեջը չի բացվում այս օրերին: Այդ ողբի ու տխրության մեջ էլ Շիրազով հպարտ ժողովրդի անունից նրա խոնարհումն ենք բերել մեծ բանաստեղծի հիշատակի առաջ:
Բարի ճանապարհ, դարերի մեծ ճամփորդ...»:
Իսահակյանի մոտ իր հավերժական տեղը գտավ Շիրազը:
Իսահակյանի մոտ՝ հայրենի հողում:
Իսահակյանի մոտ՝ ժողովրդի սրտում:
Ես քանի անգամ լինում եմ Երեւանում, այցելում եմ մեծ բանաստեղծի՝ իմ մեծ ուսուցչի շիրմին: Թող ներվի, սիրտս հպարտությամբ էր լցվում, երբ տեսնում էի, որ ծաղկեպսակներից մեր տարածը մնում էր դեռ շիրմին, որպես ամենալավը... Իսկ այցելուները, որոնք աշխարհի բոլոր ծայրերից են լինում, միշտ ակնարկում էին նաեւ այդ անսովոր մեծ ծաղկեպսակի մասին ու գոհ մնում Ղարաբաղից:
Աչքերիս չեմ հավատում: Շիրազը, այն անլռելի հրաբուխը, այն հզոր հանճարը հանգչում է այս մի բուռ հողում, այս հողաթմբի տակ... Շիրիմի վրա մի քանի մեխակներ խաչվել էին, իսկ մի մեղու, գուցե թե Մասիսի լանջերից թռած, նեկտար էր վերցնում այդ ծաղիկներից: Երեւի զգում էր, որ Շիրազի հողաթմբի ծաղիկների նեկտարը ամենաքաղցրն է:
Իսկ Մասիսները լուռ էին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:21

ԵՍ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՄ... ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Изображение

Текст:
Մշտապես զգում եմ, որ պարտավոր եմ Պարույր Սեւակի հետ իմ հանդիպման մասին գրել, բայց, չգիտեմ ինչու, օրն անցնում է, տարին անցնում է, այդպես էլ այն մնում է թղթին չհանձնված: Գուցե դա նրանի՞ց է, որ Սեւակի ողբերգական մահից հետո միանգամից շատացել են նրա մասին հուշեր գրողները:
* * *
Երկրորդ կուրսի ուսանող էի: Հաճախ էի լինում «Կոմունիստ» ռուսերեն թերթի գրականության բաժնում, ուր զրույցներ էի լսում Չարենցի Բաքվում անցկացրած ամիսների մասին: Ագահորեն ընկալում էի ամեն մի մանրամասնություն՝ անվերջ հարցերի տարափով. «Ո՞ր սենյակում էր նստում Չարենցը», «Չարենցի գրասեղանը պահպանվո՞ւմ է, արդյոք, ո՞րն է», «Ո՞ր պատուհանից սիրում էր նայել Չարենցը» եւ այլն եւ այլն: Ու հանկարծ վրա է հասնում անսպասելի ավետիքը՝ Սեւակը Բաքվում է: «Լավ է,և մտածեցի,և մեր չտեսած Չարենցի կարոտն էլ Սեւակից կառնենք»:
Երիտասարդ բանաստեղծներ Հովիկ Պետրոսյանը, Վլադիմիր Ավագյանը եւ ես, լուսահոգի Զարմիկ Դանիելյանի հորդորներով (նա աշխատում էր ռադիոյի հայկական բաժնում եւ ղեկավարում էր մեր «Ծիածանը՝ կաթիլի մեջ» խմբակը), որոշեցինք անպայման տեսնել, հանդիպել Պարույր Սեւակին, որի նկատմամբ մեր սերը հասնում էր պաշտամունքի: Իսկ, ահա, մեզ ծանոթ մի «հայ» գրող, իբր մեր մասին էր հոգում, խորհուրդ տվեց՝ նման բան չանել, հետեւում են: Մենք զայրույթով նայելով այդ մարդուն, ոչ մի պատասխան չտվինք: Ու ավելի հախուռն սկսեցինք մտածել հանդիպելու մասին: Ուսանողների մեջ չէր գտնվի մեկը, անկախ նրանից, թե որ բաժնում էր սովորում, որ Սեւակի «Մարդը ափի մեջ» գրքից անգիր բանաստեղծություններ չիմանար, իսկ մեր ստեղծագործող ընկեր Հայկ Ազատյանն արտասանում էր ամբողջ գիրքը: Ցավոք, Հայկն այդ օրերին մեզ մոտ չէր:
-Բայց ինչպե՞ս հանդիպել,և հարցը միանգամից սրում է Վլադիմիր Ավագյանը,և մեկնումեկը չպիտի՞ ներկայացնի, որ մեզ ընդունի Սեւակը:
Հովիկ Պետրոսյանը, որ մեր մեջ ավելի «ձեռներեց» էր եւ կապեր ուներ «Գրական Ադրբեջանի» հետ, ասաց.
-Տղերք, գնանք, էնտեղ մի բան կանենք:
Ադրբեջանի գրողների միության դահլիճում Կովկասի հանրապետություններից հրավիրված գիտնականների ինչևոր ժողով էր: 1967թ. աշունն էր: «Ոնց էլ լինի, մտածում էինք, Սեւակին այնտեղ կբռնեցնենք»: Շատերն էին ուզում տեսնել, խոսել, ձեռքը սեղմել: Այդ շատերի մեջ՝ նաեւ մենք: Բայց քանի որ ստեղծագործողներ էինք եւ գրողների տան «տարածքում» գիտեին մեզ, մի կերպ, օգտվելով Հովիկի հնարամտությունից, խցկվեցինք շենքի ներսը, բարձրացանք երկրորդ հարկ եւ չլսելով կարգը հսկող ադրբեջանցիներին, դռան կիսաբաց ճեղքով սկսեցինք ներս նայել:
Հանկարծ մեկը բռնեց իմ փեշից.
-Մի խանգարեք, ո՞ւմ եք ուզում:
Հովիկն իր իմացած ադրբեջաներենով բացատրեց, որ մենք եւս հրավիրված ենք, կարեւոր բան ունենք հաղորդելու մեր ընկերոջը: Եվ այդ «ընկերը» Պարույր Սեւակն էր: Կակղած ադրբեջանցին հանկարծակի վերափոխվեց եւ թույլ տվեց «գորովանքով», որ դռան ճեղքով նորից նայենք: Մենք եւ նայում էինք, եւ իրար ասում.
-Սեւակը, ահա...
Երբեւէ չէինք տեսել, բայց բանաստեղծությունների մեջ տրված ինքնաբնութագրական տողերից ու երեւի ընդգծված խիստ հայերեն նայվածքից ճանաչեցինք: Մեր նախնական «ծանրության» այդ հայացքներում Սեւակն էլ, անսպասելիորեն սկսեց հայացքով խոսել մեզ հետ: Չէինք համարձակվում գլխով նշան անել, որ իրեն ենք ուզում (մանավանդ, հայ գրողներից մեկը աչքերով մեզ խեթել էր՝ խենթ եք, ինչ է, ժամանա՞կ եք գտել մարդուն անհանգստացնելու): Նախաձեռնությունն ինքը՝ Սեւակը վերցրեց, մեզ նայեց ու ձեռքը դրեց իր կրծքին, որը նշանակում էր՝ ի՞նձ եք ուզում: Մեզ մնում էր գլխով համաձայնության նշան անել՝ այո: Երկուևերեք րոպե չանցած, Սեւակը դուրս եկավ:
-Ես իսկույն նկատեցի, որ ինձ եք ուզում: Տղերք, ինչքան լավ եք արել, որ եկել եք... Հեղձուկ է ներսում, խեղդվում էի, ուզում էի պատճառ գտնել, դուրս գալ եւ հանկարծ հայտնվեցիք դուք: Երեւի Աստված ձեզ ուղարկեց:
Բոլորիս հետ ձեռք տվեց, ողջունեց այնպես, ասես հազար տարվա ծանոթներ էինք: Դրանից մենք էլ մեր աչքում վերականգնեցինք մեզ ու սրտապնդվեցինք:
-Ընկեր Սեւակ,և հուզմունքից կակազելով սկսեց ճանապարհ բացել Հովիկը,և ուզում ենք մեր բանաստեղծությունները կարդաք:
-Սիրով,և կարճ կապեց Սեւակը,և գնանք:
Երբ արդեն փողոց էինք դուրս եկել, Քսանվեցի անվան այգու մոտ Սեւակն ասաց, որ ավելի նպատակահարմար կլինի «Ազերբայջան» հյուրանոցում զրուցենք, իր համարում, ուր տեղավորվել էր, այլապես ժողովն ավարտվելուց հետո ընկերները կգան ու իրեն չեն գտնի: Սեւակին որեւէ ռեստորանում հյուրասիրելու մեր ցանկությունը ակամա մերժվեց: Մենք լուռ համաձայնում էինք նրա ամեն առաջարկության ու խոսքի հետ. կարեւորն այն էր, որ Սեւակը համաձայնվել էր կարդալ մեր գործերը՝ ուր լինում է, թող լինի: Կողքից նայում էի ու հիշում իր այն բանաստեղծությունները, ուր նշում է, որ քայլելիս ոտքերը նման են կարկինի... իսկ «Միջակետի կարիք»ևում ուղղակի ասում է. «Ես՝ հաբեշի ու նեգրի պես սեւամորթս»...Մենք քայլերն ուղղեցինք դեպի ծովափնյա հյուրանոց: Մենք բարձրացանք երրորդ հարկ, իսկ Սեւակը՝ երկրորդ.
-Տղերք, դուք բարձրացեք, ես կգամ: Չեմ ուշանա:
Բարձրացանք, սպասեցնել չտվեց Սեւակը: Եկավ հայկական կոնյակի մի շիշ եւ շոկոլադի սալիկներ ձեռքին:
Բանալիով «դուռը ջարդեց» Սեւակը ու ներս մտանք: Անմիջապես բացեց շիշը, լցրեց բաժակները, ապա կարճ ասաց.
-Տղերք, խմում եմ մեր հանդիպման կենացը: Ինչ լավ է, որ Բաքվում դուք կաք, թե չէ՝ շատ, շատ ավելի վատ կզգայի ինձ:
Հիմա ամբողջությամբ չեմ մտաբերում խոսքերը, բայց հավատի բառեր էր ասում, որ գալիս էին մեծ խռովքի խորքերից: Եվ մենք նրա ներկայության լույսի մեջ մեզ ապահով էինք զգում:
Դատարկեցինք բաժակները: Այդ պահին մեզանից ամեն մեկը խեղճացել էր. «Ինչու չստիպեցինք, որեւէ տեղ հյուրասիրենք: Սեւակն ինքն է մեզ հյուրասիրում»:
-Հիմա,և միանգամից գործի անցավ նա,և տվեք ձեր բանաստեղծությունները:
Առաջինը Վլադիմիր Ավագյանը համաձայնվեց մեկնել իր «Տետրակը»: Սեւակը կարդում էր բարձրաձայն: Քաջալերանքի խոսք, դիտողություններ՝ բառի, տողի, պատկերի մասին: Սեւակին շատ դուր եկավ Վլադիմիրի մի տողը, հիշում եմ. «Սարի լանջին առավոտյան արծաթվել է խնձորենին»... Խոսում էր անկեղծ ու անաչառ:
Այնուհետեւ Սեւակը կարդաց իմ բանաստեղծությունները: Ամենակրտսերը երեքի մեջ ես էի: Շատ էի քաշվում: Կարդալիս Սեւակն ասես աչքերով էր կլանում տառերը, թուղթը, բանաստեղծությունը: Կյանքում չեմ տեսել այդքան խորը իմաստուն ու ներթափանց աչքեր: Այդքան հզոր հայացք: Մատիտով գծեր էր քաշում բանաստեղծության տողերի կողքին: «Ուր որ է ահա լեռները կելնեն եւ այս աշխարհի սահմանները ողջ կջնջեն իսպառ» տողերի կողքին գրեց՝ լավ է: Տողերն էր հավանել, բանաստեղծությունը՝ ոչ: Մեկևերկու բանաստեղծությունների մասին ասաց՝ թույլ են, իսկ ահա «Իմ դեմքը» բանաստեղծությունը հավանեց, հորդորելով, որ անպայման վերափոխեմ, միտքը զարգացնեմ տողերի մեջ ըստ ներքին տրամաբանության: Ասաց.
-Ամեն բառ ունի շարունակվելու, մտքի զարգացմանն ընթացք տալու իր ճշգրիտ տրամաբանությունը:
Եվ խոսում էր, եւ միաժամանակ նշումներ անում մատիտով:
Դեմքս, խնդրում եմ, դուք մի շփոթեք
Իմ երեսի հետ:
Ընթերցեց, ապա այս երկու տողի կողքին գրեց՝ նախանձելի է: Ոգեւորությունից շիկնել էի: Դառնալով ինձ, ասաց՝ բայց պիտի բանաստեղծություն դարձնես, դեռ չի դարձել: Սեւակը խորհուրդ էր տալիս, որ հատկապես ուղղեմ երկրորդ տողի կառուցվածքը, այսինքն՝ ոչ թե «իմ երեսի հետ», այլ ուղղակի՝ երեսի հետ: Ես համառում էի, որ չէ, «իմ» բառը պիտի մնա: Սեւակի այս դիտողության հետ համաձայնեցի հանդիպումից տարիներ հետո: Սեւակը կարեւորեց խոսքի անհատականացումը, կանգ առավ պատկերավորման սկզբունքների վրա: Մեծարենցն, օրինակ,և ասաց նա, գրում է՝ «ըլլայի, ըլլայի», դրանով բանաձեւում իր պոետական մտածումը: Ինձ մոտ պատկերը ձեւավորվում է հաճախ «պեսի, նմանի» կիրառումով: Յուրաքանչյուր ինքնատիպ բանաստեղծ պետք է ունենա պատկերման իր ոճը, ձեւը, կերպը: Այսօր շատ եմ ցավում, որ մեծ բանաստեղծի նշումներով իմ բանաստեղծությունները չեմ պահել: Ինստիտուտն ավարտելուց հետո այդպես էլ դրանք չգտա իմ թղթերի մեջ:
Երրորդը Հովիկն էր, որ արժանացավ Սեւակի դրվատանքի խոսքին ու դիտողություններին:
Ամենակարեւորը, որ մեր գործերն ընթերցելիս ընդգծում էր Սեւակը, սա էր.
-Տղերք, շատ մեծ առաջընթաց է, որ ձեր մտածողությամբ դուրս եք եկել «քառատրոփության» կապանքներից, տողն ազատ է, բառն ազատ է, հանգիևվանկի ետեւից չեք ընկնում՝ գլխավորը թողած: Դա չի նշանակում, թե ես հանգին քիչ տեղ եմ տալիս, չէ, ինձ հետ այսօր հանգի ու վանկի տեսակետից ոչ ոք չի կարող մրցել: Թերեւս, դա կարող էր երեկ անել ՍայաթևՆովան, իսկ այսօր՝ Համո Սահյանը: Հանգը զարդարանք է, երբ տեղում չէ, երբ կաղում է, ուրեմն՝ խաթարում է միտքը եւ ամեն ինչ: Անհանգ գրելը ավելի դժվար է: Ասելիքը որքան խորը պիտի լինի, որ հանգի մասին չմտածենք էլ, բանաստեղծությունը զգացվի: Ապա, բառը պիտի իր վրա կարողանա բեռ վերցնել, գոնե իր բեռը: Ես, օրինակ, իմ մի բանաստեղծության մեջ մի քանի տարի շարունակ փնտրել եմ անհրաժեշտ բառն ու, ի վերջո, գտել մեծ դժվարությամբ: Մոտավորապես այսպես է: Ես լեռն եմ բարձրանում... Ու այստեղ պիտի ասել՝ ինչի նման: Ու «ինչը» չէի գտնում... շոգի նման: Ուզում եմ ասել, որ պատկերը պիտի արտանմանակման վրա չլինի հիմնված (նման պատկերներ իմ տատիկն ու ձեր տատիկն էլ կստեղծեն), այլ ներքին հատկանիշների ու տրամաբանության վրա: Դրանից բացի, տրամաբանությունն էլ պետք է լինի տրամադրական, տրամադրությունն իր հերթին՝ տրամաբանական:
Տարբեր բանաստեղծների ու արվեստագետների մասին մենք հարցեր էինք տալիս: Սեւակը ժամանակին խմբագրել է Ռազմիկ Դավոյանի առաջին գիրքը՝ «Իմ աշխարհը»:
-Ռազմիկը,և ասաց նա,և իր առաջին գրքով լավ հայտ ներկայացրեց, «Ռեքվիեմը», եթե ասելիքով, խորքով ամբողջացնի, կարողանա դուրս գալ մեծ ուղեծիր, կարծում եմ բոլոր սպասումները կարդարացվեն:
Վահագն Դավթյանի մասին ասաց.
-Պոեմներում անմրցելի է...
-Իսկ ի՞նչ կասեք Ալիսիա Կիրակոսյանի մասին,և սրտապնդված նրա ուղղագիծ, շիտակ ու ազնիվ պատասխաններից, հարցրի ես:
-Ալիսիան, անկասկած, տաղանդ է:
Մամուլում, դրանից առաջ, վեճ էր ծավալվել Վիգեն Խեչումյանի նոր լույս տեսած գրքի շուրջ: Սեւակը հանդես էր եկել հոդվածով, որի մեջ պաշտպանում էր Խեչումյանի գեղարվեստական սկզբունքները: Նաիրի Զարյանը հակառակ դիրքերից հանդես եկավ՝ իր քննադատությունն ուղղելով Սեւակի դեմ: Եվ երեւի թե այդ ամենին տեղյակ լինելու հպարտությունն էր իմ մեջ խոսում, երբ հարցրի.
-Ընկեր Սեւակ, իսկ Դուք ինչու Նաիրի Զարյանին չպատասխանեցիք:
-Ինքը չպիտի նման հոդված գրեր... Դեհ, որ գրել է, ես ինչ անեմ: Նորից հանդես գալը կլիներ ավելորդ: Այնուամենայնիվ, նա մեծություն է...,և ասաց Սեւակը:
Հովիկ Պետրոսյանը, որ սիրում էր սրել հարցերը՝ հումորի թաքնված պաշարներով, հանկարծ դիմեց բանաստեղծին.
-Ընկեր Սեւակ, իսկ ի՞նչ կասեք Սամվել Գրիգորյանի մասին:
Սեւակի պատասխանը լակոնիկ էր.
-Նա մի նոր տեսակն է Սամվել Քնարունու:
Այդ ընթացքում եղան նաեւ հեռախոսային զանգեր: Առաջին զանգին Սեւակը պատասխանեց զայրացած, ավելի խորը ներքաշելով ծխախոտի ծուխը:
-Անտոնյանն է...
Եվ մենք տեղը բերեցինք Սեւակի ոչ թե արդեն մեզ, այլ քիչ առաջ լսափողում ասած խոսքը. «Չէ, չէ, չեմ կարող, շատ զբաղված եմ: Չեմ ուզում: Չէ»:
Հաջորդ զանգին պատասխանելուց հետո.
-Տղերք, ներեցեք: Էդ սրիկաները (խոսքը ադրբեջանցիների մասին է) մեր գյուղի սարերում էլի իրենց թրքությունը ցույց տվին: Առեւանգել են մի աղջկա ու կուրծքը դանակով կտրել: Ուզում եմ անպայման հանդիպել Ախունդովի հետ: Ախր այսպես ոնց կարելի է: Սա ինչ է: Ի՞նչ է կատարվում օրևցերեկով:
Շատ հուզվեց այս խոսքերի վրա, որոնք մեջբերում եմ ոչ լրիվությամբ: Չուզեցինք հարցերով ավելի քրքրել:
Լռեցինք բոլորս: Այդ պահին էլ դուռը բացվեց ու ներս մտավ բանաստեղծ Սոկրատ Խանյանը մի տիկնոջ հետ: «Կոմունիստ» հայերեն թերթի աշխատակիցներից էր, Սեւակի մտերմուհիներից: Սեւակն ընդգծված, հատուկ վերաբերմունքով ու սիրալիրությամբ բարձրացավ տեղից, համբուրեց մտերմուհու աջը ու նորից նստեց բանաստեղծություն կարդալու: Նա արդեն իմ ու Վլադիմիր Ավագյանի բանաստեղծությունները կարդացել էր: Հովիկի գործերն էր կարդում, վերջացնելու վրա էր: Ու ամեն տողից հետո գլուխը բարձրացնում էր եւ դիմում մտերմուհուն.
-Հո չե՞ս ձանձրանում...
-Շուտով, շուտով...
-Ներեցեք, հիմա...
Զրույցին խառնվում է նաեւ Սոկրատ Խանյանը, որի պահվածքի նկատմամբ բարի վերաբերմունք ուներ Սեւակը: Մենք զգացինք, որ շատ ենք զբաղեցրել Սեւակին, գործերևհոգսեր, ծրագրված հանդիպումներ կան եւ այլն, եւ այլն: Իսկ գրականագետների ժողովը վաղուց արդեն ավարտվել էր: Ուրեմն՝ քանի ժամ էինք այդտեղ ու չէինք նկատում...
Երբ մենք արդեն «մկրտվել» եւ հյուրասենյակից իրար հետեւից դուրս էինք գալիս, Սեւակն ասաց.
-Տղերք... Ներեցեք, որ այսպես ստացվեց... Էլի կհանդիպենք, կզրուցենք...
Հաջորդ հանդիպումը Բաքվի Լենինի անվան գրադարանում էր: Սեւակը տեղ էր գրավել դահլիճում: Մտերմուհու կողքին: Երեկոն սկսվեց, ու ներկա հայ գրողները խնդրեցին, որ Սեւակը նախագահությունում տեղ գրավի:
-Չէ, ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում:
Սեւակը մնաց անդրդվելի:
Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» գիրքը մեծ աղմուկ էր հանել: Բազմապիսի կարծիքներ էին հնչում, նույնիսկ հայտնի դեմքեր ոչ միայն ժխտողական դիրք էին բռնել, այլեւ փորձում էին սեւացնել Սեւակի գործը, խոսքն ընդհուպ հասցնելով... գրագողության: Եվ Սերգեյ Սարինյանն առաջինը (կամ՝ առաջիններից մեկը) հանդես եկավ պաշտպանելով Սեւակի, այսինքն՝ նոր, թարմ եւ ճշմարիտ արվեստի դիրքերը: Այդ հանդիպման ժամանակ նույնպես իր խոսքն ասաց Սարինյանը՝ մեծարելով Պարույր Սեւակին, ընդգծելով մեծ նորարարի նրա դերը ետչարենցյան մեր գրականության ու գրականագիտության մեջ:
Խոսեցին նաեւ Բաքվի հայ գրողները: Վահե Հովակիմյանը խոսեց հայ երիտասարդ բանաստեղծների մասին, կանգ առավ հատկապես երեքիս գործերի վրա: Սեւակի ներկայությունը ակամայից ազնվախոսության էր մղում բոլորին: Այլ կերպ չէր լինի: Վահեն չնայած առիթից-առիթ միշտ գովում էր միայն Վոլոդյային ու Հովիկին, իսկ իմ բանաստեղծության նկատմամբ վերապահում ուներ (հիշում եմ, մի բանաստեղծությունս առվի մասին էր, կարդաց ու հումորով խեթեց՝ Ղարաբաղի՞ առու է), այդ օրը անսպասելիորեն ինձ «չմոռացավ»: Նույնիսկ դրվատեց: Մենք եզրակացրինք, որ Սեւակի եւ նրա միջեւ մեր բանաստեղծությունների շուրջ խոսք է եղել: Նշենք նաեւ, որ Վահեն նամակագրական հիմնավոր կապեր էր ունեցել Սեւակի հետ:
Խոսելով այդ տարիների Բաքվի հայ կյանքի մասին, ցավով եմ հիշում, որ հետագայում Սեւակը հիասթափվեց Բաքվի մի խումբ հայ մտավորականների պահվածքից, քանի որ նրանք (թվով՝ երեք հոգի, եթե չեմ սխալվում) Արցախի հարցով հակահայկական նամակով դիմել էին Ադրբեջանի կառավարությանը: Այս մասին սակայն՝ ուրիշ առիթով:
Երեկոյում շատ խոսքեր, գովեստներ ու հարցեր հնչեցին: Դրանցից մեկը, գրեթե անփոփոխ, հիշողությանս մեջ է: Երիտասարդ բանաստեղծ Լեւանդիկ Հակոբյանը հարցրեց.
-Ընկեր Սեւակ, ճի՞շտ է, որ Դուք վեպ եք գրում եւ ասել եք՝ ցույց պիտի տաք, ինչպես դա արել եք պոեզիայում, թե իսկական արձակն ինչպիսին պիտի լինի:
Նորից դահլիճի կենտրոնից պայթում է Սեւակի անզուսպ ձայնը.
-Ես այդպիսի պոռոտախոսություն չեմ արել...
Այո, Սեւակը Սեւակ է: Կեցվածքներից, կեղծ պոզաներից հեռու, ճշմարտախոս, շիտակ, ազնիվ, զտարյուն, անմիջական ու, այդ ամենով, խորն ու անկրկնելի, ինչպես իր բանաստեղծությունը: Եվ բախտն ինձ ժպտաց նաեւ մեկ այլ հարցում. տարիներ հետո հանդիպեցի, մոտիկից ճանաչեցի Սեւակի Արմեն Ղազարյան որդուն՝ իսկ եւ իսկ հոր պատկերը, գրչի ու գիտության նվիրյալ, ծնողների եւ ժողովրդի արժանավոր զավակ:
Սեւակը մեր նորագույն բանաստեղծության հեղափոխությունը եղավ: Նրա քնարերգության մեջ խոսում է հայոց հավաքական հանճարը: Մինչեւ այսօր Սեւակի հետ մեր երանական հանդիպման խոսքն ու քայլը իմ մեջ են, դրանք անընդհատ իրենց խորհուրդն են ուղղում «խորհուրդ չընդունող» ապագայի երգին: Սեւակն էլ Չարենցի պես իր ժողովրդի ճակատագրի կրողն էր: Չարենցի պես էլ եղավ հալածական: Շատ ափսոս: Խոնարհումով հիշենք, որ նա առաջիներից մեկն էր, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, մեր ժողովրդի մեծերի հետ միասին՝ Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ, պատասխանեց ու տպագրեց մի բացառիկ նշանակության հոդված:
Սեւակի հայրենի տունը ՍտեփանակերտևԵրեւան ճանապարհի վրա է, որպես տունևթանգարան, որպես Զանգակատուն... Այդ ճանապարհի վրա է նաեւ այն կոթողը (ձմեռ թե ամառ՝ միշտ ծաղկաշատ), որը պատմում է... սեւ ողբերգության մասին:
Արցախցիները՝ թե բանաստեղծ-բանաստեղծուհի, թե հողագործ ու զինվոր, իրենց հոգու պարտքն են համարում ճանապարհով անցնելիս կանգ առնել կոթողի մոտ, ապա լինել սրբատեղի դարձած այդ տանը, ծաղիկներ դնել... Սիրո, պաշտամունքի ու խոնարհումի ծաղիկներ...
Սեւակի տան ճանապարհը: Նրա մեջ խոսում են ասես ճակատագիրն հայոց ու պատմությունը: Իսկ այդ պատմության խորքում հավերժ հնչում են սեւակյան զանգակատան կենարար ղողանջները:

* * *
Չգիտեմ որքանով ստացվեց խոսքս: Գրում եմ ցավով: Թող ներեն ինձ Աստված եւ Աստծո քարտուղար Սեւակը, եթե հանկարծ հիշողությանս մեջ ինչևոր բան չի պահպանվել ամբողջական տեսքով: Փորձեցի գրել միայն ու միայն ճշմարտությունը, այն, ինչ եղել է, այն, ինչ մնացել է իմ մեջ: Եվ ուզում էի, որ գրածս ոչ թե հուշ լինի, այլ սեւակյան չմոռացվող դասի բարձրաձայն կրկնություն: Կրկնություն... աղոթքի պես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:24

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ

Изображение

Текст:
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք...
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:
Համո ՍԱՀՅԱՆ

Դիմել Սահյանին, նշանակում է ճշմարիտ բանաստեղծությանն անդրադառնալ նորից ու վերստին: Իսկ մենք որքան մոտենում ենք բանաստեղծությանը (բայց մոտենո՞ւմ ենք), այնքան հեռու ենք մնում նրանից: Բանաստեղծությանը ես ավելի մոտիկ եմ եղել այն ժամանակ, երբ նրանից անհամեմատ հեռու էի գտնվում, երբ դեռ թոթովանքների մեջ էի, երբ դեռ չէի ծնվել, բայց հայրս ու մայրս արդեն սիրում էին իրար: ՈՒզում եմ ասել՝ բանաստեղծության մեջ նախնականության մատն է լինում խառը՝ «էն գլխից»: Միշտ էլ այս համոզմունքին եմ հանգում, երբ Սահյան եմ կարդում: Իսկական բանաստեղծն իր ամբողջ կյանքն ապրում է այնպես, ասես ձենով ընկած է: Աստծո ձենն էր միշտ Սահյանի ունկերում: Գրում, չէ, Համո Սահյանն արարում էր Աստծո ձայնին ունկնդիր: Ահա թե ինչու նրա բառով ընթացքավորվում է տիեզարական շարժումը, հստակվում լույսը.
Դու սարերի մեջ ու ձորերի մեջ,
Ամենանորը դու նորերի մեջ
Ու խոհերի մեջ ամենահինը,
Դու իմը, իմը, ամենաիմը:
Ես մի բուռ մրկած մամուռը քարիդ
Եվ հետին հյուլեն կենսական ծառիդ,
Ես քո բողբոջը, ծիլը, կոկոնը,
Ես քոնը, քոնը, ամենաքոնը:
... Տերյանից միշտ անբաժան եմ: Նարեկացին, Քուչակը, Չարենցը, Իսահակյանն ու Շիրազը, Սեւակը իմ սիրած պոետներն են: Եվ, ահա, ոտքովևգլխով, ինչպես ասում են, ինձ կորցրի Սահյանի մեջ, տարվեցի, հափշտակվեցի ու նորից ինձ վերագտա: Բաքվի ուսանողական իմ հանրակացարանի սենյակում երեք օր փակված մնացի՝ սովածևծարավ, ըմբոշխնեցի «Մայրամուտից առաջ» գիրքը: Այն միանգամից փոխեց իմ ընկալումներն ու մոտեցումները, գեղագիտական ըմբռնումներս հստակվեցին՝ ընդմիշտ փոխելով շատ բաներ իմ հայացքների մեջ: Ոչ ոք տեսնել չէր կարող, որ Սահյանը ձեռքը դրել է իմ ուսին ու ամենամտերիմի իրավունքով կանգնել կողքիս՝ ինձ նորից տանելով մեր Մռովի ու Մեծ սարի լանջերը, Մեր Եխծուն տակն ու Թառանի աղբյուրը...
Երգիս տունը տատիս տան պես
Հայկական է ու հին,
Ու կապված է սիրտս շան պես
Նրա ամեն քարին:
Բանաստեղծության նոր կերպար: Նոր պոետ, այո, սակայն՝ մեր սարերից եկած, նույնիսկ՝ տրեխներ հագած երբեւէ: Դրան ավելանում էր եւ այն, որ Բաքվի հայկական թերթում ու ռադիոյում մարդիկ են գտնվում, որոնք, իրենց պատմածով, աշխատել են Սահյանի հետ հենց այս «սեւ քաղաքում»: Սահյանի յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր բանաստեղծություն ձուլվում է իմ արյանը, դառնում նրա բաղադրատարրերի ամենակարեւոր մասը, իմ էության էությունը: Ինստիտուտի ուսանողներս՝ Վաղարշակ Գաբրիելյան, Հովիկ Պետրոսյան, Վլադիմիր Ավագյան, Յաշա Բաբալյան, Հայկ Ազատյան, Միքայել Խաչիյան եւ ուրիշներ, հավաքվում ենք հայկական ռադիոյում աշխատող մի անզուգական հայի ու մտավորականի՝ Զարմիկ Դանիելյանի շուրջ եւ ստեղծում գրական խմբակ: Խմբակը կոչվում է Հովիկի բանաստեղծություններից մեկի մեջ տեղ գտած պատկերով. «Ծիածանը կաթիլի մեջ»: Ամեն կիրակի հավաքվում էինք մեր ավագ ընկերոջ՝ Վաղոյի մեկ սենյականոց բնակարանևխրճիթում ու ոչ այնքան ճոխ, հաճախ նույնիսկ խեղճության աստիճանի աղքատ սեղանի շուրջ եւ բանաստեղծություններ ընթերցում, քննարկումներ անցկացնում, Սեւակ եւ Սահյան վերլուծում: Այս ամենին ընթացք էր տալիս անկրկնելի Զարմիկը, որը մեր տողերի մեջ պոետական մի թարմ մտքի, նոր պատկերի հանդիպելիս ուրախությունից ու բավականությունից վեր էր թռչում, իր խորին հրճվանքը հաղորդում բոլորիս, ոգեւորվում ու ոգեւորում: Նույնքան անհանդուրժող էր նաեւ տափակ, ծամծմված ու մաշված պատկերի, տողի հանդեպ: Եվ լավի օրինակը մշտապես բերում էր Սեւակից կամ Սահյանից: Ինչ երանական օրեր էին: Շատ ժամանակ չանցած, մեր գրական խմբակը ներկայացվեց «Ավանգարդ» թերթում՝ շնորհիվ Զարմիկի ու Երեւանում գտնվող մեր ընկերոջ՝ փիլիսոփայության ասպարեզում նոր ոտք դրած Ալեքսանդր Մանասյանի ջանքերի: Բոլորիս գործերում նկատելի էր Սահյանի բարերար շունչն ու ազդեցությունը: Իսկ այդ տարիներին Բաքու ժամանած Սեւակի տված գնահատականը Սահյանի պոեզիայի մասին մեզ ավելի էր գոտեպնդել մեր համոզմունքի ու հավատքի մեջ.
-Սահյանը անկրկնելի է, նորարարության մեջ՝ անմրցակից ավանդապահ:
Տարիներ անցան: Աշխատանքի անցա Ստեփանակերտում: Արդեն մի քանի գրքեր էի հրատարակել, բայց եւ այնպես չէի համարձակվում ներկայանալ Սահյանի դատին, նույնիսկ գիրք նվիրելու ուժ չէի գտնում իմ մեջ: Եվ հանկարծ, օրերից մի օր, Բոգդան Ջանյանը, որի ազնվությանն ու անմիջականությանը աշխարհում ոչ ոք չի կարող կասկածել, ինձ ասում է, որ Սահյանը բանաստեղծություններս կարդացել ու հավանել է: Ես արմանքևզարմանք դարձած լսում եմ եւ, մեղքս ինչ թաքցնեմ, մտածում եմ, որ, երեւի մի փոքր դրական է արտահայտվել Սահյանը, իսկ Բոգդան Ջանյանը, համաձայն իր անչափ բարի բնավորությանը, ուզում է ինձ ուրախացնել գուցե թե գույների փոքրևինչ հավելումով: Բայց եւ այնպես, ո՞վ չէր լավ զգա իրեն նման լուրով: Պարզվեց, որ իրանահայ մի խումբ ընթերցողներ խնդրել են նամակով Հայաստանի ռադիոյի սփյուռքահայերի համար հաղորդումներ պատրաստող բաժնին, որպեսզի հաղորդեն Համո Սահյանի եւ, ոչ ավել, ոչ պակաս, Վարդան Հակոբյանի բանաստեղծություններից: Ջանյանն էլ ընտրում է բանաստեղծությունների շարքը եւ Հրաչուհի Ջինանյանի կատարմամբ հաղորդումը եթեր տալիս: Հետո Ջանյանն ինձ հեռախոսով պատմում է, որ Սահյանն ու Էմինը շատ են հավանել իմ բանաստեղծությունները, ապա նա հորդորում է գրքերիցս ուղարկել նրանց: Այդպես էլ անում եմ: Դրանից մի քանի ամիս անց մեկնում եմ Երեւան: Գրողների միության շենքի չորրորդ հարկում Արտաշես Ղահրիյանի աշխատասենյակն է: Դուռը բացում եմ եւ տեսնելով շախմատ խաղացող Սահյանին եւ Էմինին, անվստահ քայլերով ներս եմ մտնում: Նկատելով անհամարձակությունս, Էմինը քաջալերում է.
-Արի, Վարդա՜ն... Արի:
Ապա նա սեղմելով ձեռքս, ինձ ներկայացնում է Սահյանին.
-Համո, ծանոթացիր, Վարդան Հակոբյանն է, Արցախի գրողների միության ղեկավար են նշանակել:
Սահյանը հարյուր տարվա ծանոթի մեղմ ու հանգիստ մի շարժումով շախմատի դաշտը քիչ հեռացնում է իրենից, սեղմում ձեռքս, ապա գլուխը հակելով շախմատի դաշտի վրա, քթի տակ խոսում.
-Այ մարդ, կարգին բանաստեղծ ես, ինչ գործ ունես գրողների միության ղեկավարի հետ:
Այնուհետեւ նրանք ցրում են դաշտում տեղակայված քարերը, սկսում հարցուփորձել: Ավելի ակտիվ է Էմինը:
-Ի՞նչ կա Արցախում... Ե՞րբ եք մեզ հրավիրելու Արցախ...
Կյանքը ո՞նց է այնտեղ...
Եվ այլն, եւ այլն:
Մինչեւ այսօր էլ, իհարկե, շատ եմ ցավում, որ չկարողացա, ոչ ի՛մ մեղքով, մեր պոեզիայի այդ երկու մեծերին հրավիրել Արցախ, հանդիպումներ կազմակերպել: Հետո իմացել եմ, որ Սերո Խանզադյանի հետ, շատ թռուցիկ, կես ժամով, Սահյանը եկել է Ստեփանակերտ ու մեկնել: Իսկ Էմինը այդպես էլ Արցախում չեղավ: Ավելին, անկեղծ լինելու համար ասեմ, որ դրա համար Էմինն ինձնից «նեղացած» էր, միշտ մեկ ուրիշ բանաստեղծի անուն էր տալիս, որի հետ մոտ հարաբերությունների մեջ էի, ասում՝ գիտեմ, այդ նա չի թողնում... Բայց այդպես չէր ամենեւին: Քանի անգամ պատրաստվել էի կազմակերպել այցը, միշտ, դժբախտաբար, մի բան խանգարում էր, ինքն էլ այն մարդը չէր, որ վեր կենար մի կանչով, մի հրավերով գար: Տարիքն արդեն իրենն անում էր: Ավելի ուշ բախտ ունեցա Էմինի հետ մասնակցել գրողների մոսկովյան համագումարին, մոտիկից շփվել նրա հետ: Այդ օրերից որպես հիշատակ մնացել է մեր նկարը՝ կողքևկողքի կանգնած, զրուցելիս:
Սահյանի բնավորությունը այլ էր: Նա միշտ ինքնամփոփ ու լռակյաց էր, անբառ խոսքի մեջ՝ անսահման խորը, հաճախ չասածի մեջ մեծ հումոր ու հեգնանք տեղավորող: Հիշում եմ, գրողների միության շենքի առաջ, ուր կանգնած էինք մի քանի հոգի, հանկարծ երեւաց Սահյանը, բարեւեց, ուզում էր «ոնց եք, ոնց չեք»-ից հետո գնալ, Երեւանում բնակվող մի բանաստեղծուհի, որ Սահյանի «խախալի ծակից ընկած թեփն էր շուկա հանում», մոտեցավ ու թե.
-Ընկեր Սահյան, միշտ ինձ ասում են, որ ես ու դու իրար շատ նման ենք գրում:
Սահյանը նայեց նրա դեմքին այնպես, ասես կողքի ծառին էր նայում ու անխոս, եթե դա անխոսություն էր, հեռացավ՝ մի ուսը նկատելի կախված: Ամբարտախոս «բանաստեղծուհին», որ արագ տպագրվողներից էր, գրեթե միանգամից ընկավ «շոգեբաղնիսի» մեջ ու քաշվեց մի կողմ:
Ես շատ էի երազում մոտիկից շփվել մեծ բանաստեղծի հետ, լսել նրան: Եվ, ահա, կարծես եկավ ժամը: Լրացել էր Համո Սահյանի ծննդյան 60-ամյակը: Այն ընդհանրապես նշում էին նրա ծննդավայր Լորում ու Սիսիանում: Որքան հիշում եմ, այդ գործում մեծ ավանդ ուներ եւ սահյանագետ Շչորս Դավթյանը, որի միջոցով էլ խնդրել-հաղորդել էինք, որ Արցախից եւս պատվիրակություն լինի այնտեղ: Ուրախությանս չափ ու սահման չկար: Ինչ անեինք, ինչպես գնայինք: Որպես Արցախի գրական կազմակերպության ղեկավար, մի քանի ելույթներ էի արդեն պատրաստել, մեքենագրել (մեջբերումների տեղը թողնելով ազատ, քանի որ պիտի արտասանեի), բայց բոլորն էլ թվացին շատ թույլ ու ավելորդ: Որոշեցի խոսել բանավոր: Գրողների միությունում հավաքվեցինք եւ ընտրվեց պատվիրակության կազմ՝ երեգ հոգուց, Հրաչյա Բեգլարյան, Սոկրատ Խանյան, Վարդան Հակոբյան: Վճռեցինք՝ Գորիսով գնալ, Երեւանով ու Ղազախով գալ:
Ճանապարհվեցինք գրողների միության «Վոլգայով»: Մեզ Սիսիանում դիմավորեցին հատուկ ուշադրությամբ ու սիրով: Հետո իմացանք, որ դրանում Սահյանի «մատը խառն է»: Պատվիրակությանը գիշերելու տեղ հատկացրին Բռնակոթ գյուղից անդին, փոքր լճի ափին, բավականին լավ կահավորված առանձնատան սենյակներում: Սահյանով էին հագեցած օդը, ջուրը, հողը, մեր հոգիները: Ամենևամեն ինչ: Հաջորդ առավոտյան սկսվեցին արարողությունները: Սահյանը մեզ դիմավորեց գրկախառնությամբ ու իր տնավարիությամբ մեզ համարձակություն ու անմիջականություն հաղորդեց: Հոբելյանական ցերեկույթում տեսանք մեր արվեստի մեծերից շատերին: Առաջին անգամ այստեղ հանդիպեցի եւ «Օգոստոս» գրքի հեղինակ (գիրք, որ Սահյանի «Մայրամուտից առաջ», Սեւակի «Մարդը ափի մեջ» ժողովածուների հետ ուսանողական իմ սեղանին էի միշտ պահում) Հրանտ Մաթեւոսյանին:
Եվ ահա հասավ ելույթ ունենալու իմ հերթը: Բեմ բարձրացա վախվորած, խոսք ասացի: Չերեւացող ամոթխածության միջից ուզում էի ներկայանալ համարձակ, ներսից այնպես ասեղնոտվում էի, ճնշում էր ընդգծված հուզմունքս: Արցախի եւ արցախցիների անունից հոբելյարին հանձնեցինք պղնձի վրա պատկերված մի դրվագում («Տատիկն ու պապիկը»), որը մեզ է տրամադրել բազմաշնորհ դրվագող, երաժիշտ ու նկարիչ Ալբերտ Սաֆարյանը, ապա մի զույգ տրեխ, որն, իբր շատ տարիներ առաջ, Արցախից քաղաք մեկնելիս երիտասարդ Սահյանն էր թողել Ստեփանակերտում, մանկության կածանները մաշած տրեխներ: Սահյանի հուզումը նկատելի էր դահլիճի համար: Դա պարզ երեւում էր, որն էլ ինձ սրտապնդեց. Ելույթս ավարտեցի Համո Սահյանին նվիրված բանաստեղծությամբ.
Վազում եմ ամենքիդ ետեւից,
Ձեր ցավով վառվում եմ ես անգամ,
Սակայն դուք ապրում եք առանց ինձ,
Չգիտեք նույնիսկ՝ կամ, թե չկամ:
Տարվում եմ մի փոքրիկ ժպիտով,
Պարզում եմ ձեզ ե՛ւ սիրտ, ե՛ւ հոգի...
Խնդում եք, խաբում եք ինձ հերթով,
Նման եք ամենքդ ամենքիդ:
Գնում եմ իմ ճամփով անհատնում՝
Չպարզած գաղտնիքն աշխարհքի...
Եվ էլի գալիս եմ, ձեզ գտնում,
Եվ էլի՝ հավատում ամենքիդ:
Տարիներ շարունակ Արցախը զրկված էր Հայաստանում անցկացվող գրական-մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից ու իրավունքից: Առանց չափազանցության խոստովանեմ, որ Արցախի գրողների միությունում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրից իմ նպատակը, ձգտումը այն էր, որ հոգեւոր Արցախի ուշքն ուղղվի դեպի մայր հայրենիք. չէ՞ որ մի ազգ ու գրականություն, մի մշակույթ է: Եվ դա հաջողվեց մեզ: Հայաստանի մեր գրչակիցները եւ ցերեկույթի բոլոր մասնակիցները մեզ վերաբերվում էին ընդգծված սիրով ու գորովանքով, առավել եւս՝ ըմբռնումով:
Իսկ երբ արդեն հոբելյանական երեկոյի երկրորդ՝ «գեղարվեստական» մասն սկսվեց, ինչպես ասում են, բոլորս տեղ գրավեցինք մեծ դահլիճում տեղադրված կլոր սեղանների մոտ: Անընդհատ պտտվում էի Հրանտ Մաթեւոսյանի շուրջն ու չէի համարձակվում խոսք ասել: Դա երեւի զգացել էր ինքը եւ ուղղակի բռնեց ձեռքս.
ևՏեսնում եմ, որ ոչ մեկը շնորհք չունեցավ ծանոթացնելու, մենք ծանոթանանք: Լավ բանաստեղծություն էր:
Թվում է՝ թեւեր չունեի, ունեցա միանգամից եւ, ուրևոր է, պիտի թռչեի: Բայց՝ ո՞ւր: Ամենալավ տեղն այն դահլիճն է հենց, ուր գտնվում ենք: Հրանտ Մաթեւոսյանը եւս մեր պատվիրակության հետ տեղավորվեց նույն սեղանի մոտ: Գիտեի, որ Հրանտ Մաթեւոսյանը շատ բարձր է գնահատում Սահյանի պոեզիան, խոսեցինք այդ մասին: Մաթեւոսյանը վերհիշեց Սահյանի տողերը.
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Անընդհատ մեր սեղանին էր մոտենում Սահյանի երիտասարդ կինը՝ Սվետան, նստում մեր կողքին, հարցնում՝ ամեն ինչ նորմալ է, հո բա՞ն չի հարկավոր... Զգում էինք, որ Սահյանն է նրան «ուղարկում», նրա մեծ, անհուն սրտից է բխում այդ հոգատարությունը, որ ես նկատում էի անգամ հեռվից հեռու՝ նրան նայելիս: Իսկ երբ դեռ դահլիճ չէինք հասել, մեկ էլ կտեսնեիր, բազմաթիվ մարդկանց մեջ գտնում էր մեր պատվիրակության անդամներին, մեկ անգամ եւս հիշեցնում, թե ուր ենք գնում, մանավանդ՝ ճաշկերույթի մեկնելիս: Այնպես էր մտերմաբար բռնում մեր ձեռքից, որ կարծես թե երեխաներ էինք եւ պիտի կորչեինք:
Նրա ամեն տողը մի առու է՝ զուլալ, մաքուր: Եվ եթե առվի տուտը բռնենք ու գնանք, երբեք չենք կորչի, չենք մոլորվի, քանզի առվի ճամփին միշտ մարդ է սպասում... Խիստ ինքնատիպ է Սահյանն իր հակասությունների ներդաշնակության մեջ, նրանում մի ամբողջ դարաշրջան է ապրում, նրանում հազար մարդ ու հազար սիրտ կա՝ բոլորն էլ հայոց քար ու հողից, անկրկնելի, նոր, թարմ, ինքնատիպ: Բոլորն էլ ինքն է:
Մթնած մեգ եմ ոտից գլուխ,
Բայց այդ մեգը ես չեմ:
Այսքան տարվա ճամփորդ եմ հեգ,
Բայց այդ հեգը ես չեմ:
Շատ եմ փորձում ինձ հանդիպել,
Փորձս փորձ է մնում...
Հազար մարդ է մեջս նստած,
Բայց ոչ մեկը ես չեմ:
Ցավոք, մեր պատվիրակությունը Լոր չգնաց: Դա մեր սխալն էր աններելի: Երեւանի ճանապարհին մեքենայի արգելակները հրաժարվեցին աշխատել: Վարորդը՝ Վիտալին, սփրթնել էր: Ես, իբրեւ ավելի փորձ ունեցող վարորդ (Վիտալիին նոր էինք աշխատանքի վերցրել), նստեցի ղեկի մոտ. բոլորս էլ մի քիչ խմած էինք: Եվ հանկարծ մի ոլորանում ավտոտեսուչը շվվացնում է ու կանգնեցնում մեքենան: Արագ դուրս եմ գալիս: Ավտոտեսուչը ձեռքը քունքին է դնում ու պատիվ տալիս, բարձր ասելով իր պաշտոնը եւ ազգանունը՝ ավտոտեսուչ Սարգսյան: Ինչ անեի: Ես էլ ձեռքս նույն արագությամբ տանում եմ իմ քունքին, նույնակերպ պատիվ տալիս՝ բանաստեղծ Հակոբյան: Մեքենայում նստած ընկերներս բարձրաձայն ծիծաղում են: Ավտոտեսուչը կռահում է, թե որտեղից ենք գալիս:
-Համո Սահյանի հոբելյանին էիք մասնակցո՞ւմ, շատ բարի,և ասաց նա,և մենակ թե զգույշ վարեք մեքենան:
Ես նորից նստեցի ղեկի մոտ, մեքենայի պատուհանով ավտոտեսուչը հայացքը ներս բերեց ու մտերմաբար ասաց, «Տղերք, դուք, երեւում է, կուշտ կերածևխմած եք: Առաջարկում եմ այսօր մնալ մեզ մոտ, ձեզ համար լավ տեղ կապահովենք մնալու՝ քեֆն էլ վրան: Հը՞, մանավանդ՝ իրիկունն է վրա հասնում ուրևոր է»... Ապա նա տեսնելով մեր անհամաձայնությունը, արտասանեց.
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամացևկամաց
Փոխվում է լացի:
Ամբողջ ճանապարհին Սահյան էինք արտասանում, Սահյան էինք վերլուծում ու հոբելյանական արարողության այս կամ այն մանրամասն իրար հիշեցնում, մինչեւ որ... ինքներս էլ չիմացանք, թե առանց արգելակի ոնց հասանք Երեւան: Իսկ հաջորդ օրը՝ Արցախ:
Արցախը Սահյանի համար նույն Հայաստանն էր միշտ, նույն Սիսիանն ու նույն Լորը:

Որտեղից այսքան ցավ ու թախիծ,
Քարեր են փշրվում սրտիս վրա...
Գույժեր են գալիս Ղարաբաղից,
Սարեր են փշրվում սրտիս վրա,
Կռվում են այնտեղ քաջերն ազգի...
Եվ, ահա, նախերգը նրանց ասքի
Ողբի է փոխվում եւ մահազդի,
Դարեր են փլվում սրտիս վրա:
Ինչպես բանաստեղծություններում, այնպես էլ այսօրվա կյանքում արած ամեն մի քայլով ասես ջուր էր խմում իրեն փափագած սրտից: Իմաստուն, վեհ, պարզ ու անհուն, միշտ այսպիսին տեսա բանաստեղծին, որին, խոստովանում եմ, սիրում եմ այն սիրով միայն, որով անբաժան եմ Տերյանից:
Եվ այսպես, տարիներ են անցել, հոսում են ժամանակները: Կյանքի, բանաստեղծության խոհ ու խոկումի մեջ հաճախակի եմ անդրադառնում Սահյանին, նրա մեծ եւ խորը փիլիսոփայությանը, երգին բարձրարվեստ, վերջին տարիներին գրած, համազգային շարժմանն ու արցախյան գոյամարտին նվիրված նրա տողերը վերընթերցում ու մխիթարվում եմ հավերժ նոր ու մնայուն անվան խորհուրդների մեջ: Ասել է թե՝ մարգարեական էր նրա գուշակումը. մեր բոլոր երթերում նա կա որպես... ամենաներկա, սիրված ամենուրական: Եվ հայրենի սարերն անգամ ասես խունկ են ծխում Սահյանի երգերով: Հավերժության շուրթերից չեն իջնում բառերը՝ մի հայրեն ասեմ ես էլ... ասեմ, գնամ: Եվ գնա՛ց: Եվ գնում է: Ինչքան հեռանում, նույնքան մոտենում է: Եվ հեռանալով այնքան մոտեցավ, որ բաժանվելու էլ հնար չկա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:26

ՆԱ ԻՐԵՆՈՎ ՀԱՄԱԼՐԵՑ ՀԱՅՈՑ ՍՐԲԵՐԻ ՇԱՐՔԸ

Изображение

Текст:
Կյանքը դաժան անհեթեթություններ շան ունի. երեւի դրանցից մեկն էլ անմահի մասին անցյալով գրելն է: Հետեւապես, չէի ցանկանա իմ այս խոսքերն ընկալվեին որպես այդպիսին, երբեք, որովհետեւ Հրանտ Մաթեւոսյանը մեր ազգային գրականության այն վիթխարի հսկան է, որ իրենով համաշխարհայինը հայրենի իրականություն դարձրեց, հայոց ոչ թե հարյուրամյակի, այլեւ հազարամյակների «լուսավոր ու վեհ» հատկանիշների խտացումը հանդիսացավ, ասել է թե՝ չի կարելի նրա մասին խոսել անցյալով, ինչպես Սահյանը կասեր, նա մշտապես ներկա է: Նա մերը, ամենամերը լինելով հանդերձ, ամենուրական է ու բոլորինը, մեր ներկայի մեջ՝ ամենաներկան:
Հայոց ազգը հարուստ է Հրանտ Մաթեւոսյանով:
Հայոց ազգը հզոր է Հրանտ Մաթեւոսյանով:
Աշխարհեաշխարհ թռչող գույժը՝ Հրանտ Մաթեւոսյանի ֆիզիկական վախճանի մասին, ցնցում է բոլորին: Եվ սա մեր այն կորուստներից է, որոնք ցավ ու մորմոքի մեջ նորացնում են երբեք չհնացող մեր վիշտը՝ Չարենցից, Մարտիրոս Սարյանից մինչեւ Սեւակ, մինչեւ Շիրազ... Սահյան... մինչեւ վերջին տասնամյակներում մեզանից հեռացած մեր սրբությունները, մինչեւ համազգային գոյամարտում կյանքը ժողովրդի համար զոհասեղանին դրած մեր թխամորուս պատանյակները... Այն կորուստն է սա, որ սգում են ոչ միայն ողջերը, այլեւ... նվիրական կորուսյալները: Մաշտոցի ստեղծած գիր-լեզուն իր անկրկնելի հաղթանակը տոնեց Հրանտ Մաթեւոսյանի «Մենք են, մեր սարերը», «Օգոստոս», «Ալխո», «Մեսրոպը», «Ծառերը», «Աշնան արեւ», «Կենդանին եւ մեռյալը», «Վազքը», «Կանաչ դաշտը», «Իմ գայլը», «Տերը» եւ մյուս գործերով, իր ամեն մի հատիկ տառով, բառով, շնչով:
Իմ կյանքի ամենաաստեղային պահերից եմ համարում, շատ տարիներ առաջ, հանդիպումս Հրանտ Մաթեւոսյանի հետ՝ Համո Սահյանի հայրենի եզերքում: Այդ պահից մենք մտերիմներ էինք, եւ ես ոչ միայն հպարտանում էի նրա մտերմությամբ, այլեւ մշտապես ապրում էի նրա նաեւ բանավոր խոսքին հաղորդակցվելու անկրկնելի բավականությունն ու հաճույքը:
Երբ իմացա, որ Հրանտ Մաթեւոսյանը Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում է, հանկարծակիի եկա: Շտապեցի զանգել եղբորը՝ Հրաչյային:
-Հա, այդպես է... Վիրահատել են, հիմա դեպի լավն է գնում:
Հրաչյայից վերցրի հեռախոսի համարը եւ Ստեփանակերտից անմիջապես զանգեցի Լոս-Անջելես: Լսափողը վերցրեց կինը՝ Վերժինեն: Նա ասաց, որ վիրահատությունը հաջող է անցել եւ Հրանտը հիմա կազդուրվում է:
-Այս պահին քնած է,- ավելացրեց,- արթնացնե՞մ...
Կատակով ասացի.
-Խնդրում եմ Արցախ աշխարհի մարդկանց, սար ու ձորի համբույրը մեր անունից դրոշմիր Վարպետի լայն ու լուսե ճակատին եւ նա կարթնանա արդեն լրիվությամբ կազդուրված...
Հաջորդ անգամ իմ զանգին պատասխանեց հենց ինքը՝ Հրանտ Մաթեւոսյանը: Խոսում էր կատակներով, ասես հիվանդն ինքը չէր, Արցախից էր հարցնում, Արցախի կյանքից, շեներից, մարդկանց ապրելակերպից ու վիճակից: Նրա տրամադրությունից սիրտ առա, ճիշտն ասած, մանավանդ, լսել էի, որ առանձնաշենքում է հիվանդանոցը, ծառերի ու ծաղիկների մեջ, ասացի.
-Բա լա՛վ, առանց Ծմակուտի ոնց ես մնում:
-Շուտով կգամ իմ երկիրն,- ասաց,- իսկ այստեղ փորձում եմ մի Ծմակուտ էլ ստեղծել՝ բոլոր ծառերով, այգիներով...
Ու հետո կատակեց, թե որ կենդանիներից չունի իր նոր Ծմակուտում: Ծիծաղեցինք:
Արցախում շատերն էին լսել, որ Հրանտ Մաթեւոսյանը վիրահատվել է: Անվերջ զանգում էին մարդիկ, հարցնում, տխրում, լավ լուրից ոգեւորվում: Լսելով մարդկանց՝ ամենատարբեր բնավորության ու նախասիրության, մտածում էի, որ, իսկապես, բացառիկ մեծությունների համար սահմաններ չկան: Եվ նրանց հանդեպ սերն էլ անսահման է: Մեր վերջին, ցավոք, վերջին հեռախոսազրույցը եղավ այն ժամանակ, երբ նա արդեն Երեւանում էր: Որոշել էի անպայման այցելել, բայց լսելով, որ առողջական վիճակը կայունացել է ու լավ է, չշտապեցի... Ավա՜ղ...
Ասում են, երբ փայտահատը մտնում է ծմակ, հզոր կաղնիներին չի մոտենում, իսկ մահը նենգ գտնվեց ավելի եւ... բախվեց ինքն իր անզորությանը, քանզի Հրանտ Մաթեւոսյանը անմահ է:
Ինձ մոտ պահվող մաթեւոսյանական մասունքների մեջ՝ նկարներ, ձեռագրեր, ձայնահոլովակ, գրքեր... առանձնանում է Եղիշե Չարենցի հարյուրամյակի առթիվ հրատարակված եղեռնական բանաստեղծի ոսկետառ ընտրանին՝ Հրանտ Մաթեւոսյանի ձեռագրով ընծայված ինձ: Այսօր, երբ արդեն ֆիզիկապես նա մեզ հետ չէ, նոր իմաստ ու խորհուրդ է ձեռք բերում ամեն ինչ: Հրանտ Մաթեւոսյանի կյանքն էլ, իհարկե, ինչպես Չարենցինը, անմնացորդ ողջակիզում էր: Մաթեւոսյանն ասում էր՝ Չարենցը մեր գրականության խիզախ տղան է: Ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ տեսնելու չարենցյան մարգարեությունը՝ որպես ազգային գաղափարաբանության առանցք, Մաթեւոսյանին տարավ նոր հայտնության՝ ոչ մի կռունկ, առանձին վերցրած, ճամփան չգիտե, բայց երամը՝ գիտե:
Մաթեւոսյանը ստեղծեց իր ժամանակը, իր ժողովուրդը, իր Հայաստանը: Այսպես Դոստոեւսկին է ժամանակին ստեղծել իր Ռուսաստանը:
Ինձ բախտ է վիճակվել 1985թ. Մոսկվայում ընկերակցել Հրանտ Մաթեւոսյանին եւ Վալենտին Ռասպուտինին, վերջինիս հետ ինձ ծանոթացրել է Մաթեւոսյանը: ԽՍՀՄ գրողների համագումարի օրերին էր: Հետեւում էի երկու մեծերի խոսքերին, շարժումներին, նրանց ամեն շշուկը դաս էր պարունակում:
Ռասպուտինին մի առիթով Մաթեւոսյանն ասաց.
-Քո արձակը նորություն է, խորն է պատկերը: Շատ ինքնատիպ է:
Այս խոսքերի վրա շիկնեց «Ապրիր եւ հիշիր»-ի հեղինակը:
-Դե լավ, ես պիտի ասեմ քեզ այդ խոսքերը:
Եվ այնքան անմիջականություն կար, այնքան ճշմարիտ էին երկուսն էլ: Ապա խոսակցությունը ծավալվեց Ռասպուտինի այդ օրերին լույս տեսած «Հրդեհ» վիպակի շուրջ, որը մեծ աղմուկ էր հանել ամբողջ երկրում:
Մեծերի հետ հանդիպման նման պահերը, երեւի, կյանք արժեն: Գուցե՝ ավելին:
Հրանտ Մաթեւոսյանի Ծմատուկը հոգեւոր Հայաստանը դարձրեց աշխարհի մեծագույն եւ ամենաուժեղ տերություններից մեկը, ուր տեր է նրա «Տերը»... Այո՛, անզուգական է, աննախադեպ է Հրանտ Մաթեւոսյան երեւույթը մեր ժողովրդի կյանքում, ասել է թե՝ նա իր ստեղծածով, ապրածով, մարդկային իր անթեքելի շիտակ, վեհ ու վսեմ նկարագրով, անկոտրելի ոգով պատկանում է հավերժությանը: Եվ վշտի ու դառն մորմոքի այս պահին մտածում ես՝ ում ցավակցել, չէ՞ որ մարդ ինքն իրեն չի կարող ցավակցել, իսկ Հրանտ Մաթեւոսյանի վախճանը բոլորիս կորուստն է, ամբողջ ազգով նրա արյունակից հարազատներն ենք: Ուրեմն, մնում է ինքներս մեզ համար սփոփանք ու մխիթարություն դարձնենք նրա արածն ու թողածը: Նա եղավ հայոց տան ազնվականության վկան՝ Քսենոփոնի, Նարեկացու, Սեւակի եւ գալիք բոլոր ժամանակներում: Եվ, թող ներվի, այս մեծ վշտի մեջ անգամ ինքներս մեզ սիրտ տանք ու ազգովի ձիգ մնանք, որ Հրանտ Մաթեւոսյան ունենք...
Ոչ, նա չի հեռացել մեզանից, Հրանտ Մաթեւոսյանը պարզապես իրենով համալրել է հայոց սրբերի շարքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#6  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:29

ԳԱՂԱՓԱՐ, ԹԵ՞ ԿԱՆԽԱԳԱՂԱՓԱՐ. «ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԴՈՒ» ԿԵՐՊԱՐԻ ՇՈՒՐՋ

Изображение

Текст:
Հասարակական հեղաբեկումներն ու վերջին տարիների կտրուկ շրջադարձերը վերջնականապես չեղյալ հայտարարեցին մեզանում գործող օրենքներն ու կենսաձեւերը, որոշակիորեն փոփոխեցին մեր սովորություններն ու բարոյական նորմերը, եւ, արեւմտյանը, որից այնքան ջանադրաբար մեզ փորձում էր հեռու պահել կոմունիստական գաղափարաբանությունը՝ նշավակելով նրա տարրն ու ոգին, անարգել խուժեց մեր գոյակերպի բոլոր ոլորտները: Մի գիշերում, ինչպես ասում են, հնացան ոչ միայն երեկվա գաղափարները, այլ նաեւ գաղափարակիրները, միանգամից շարքից դուրս եկան ոչ միայն դրոշները, այլ նաեւ դրոշակակիրները: Այսինքն՝ հասարակարգն այնքան խոցելի գտնվեց, որ ոչ մի եզրում դիմադրողականության փորձեր անգամ չարվեցին: Այս ամենից, բնականաբար, անմասն չմնացին գրականությունն ու մշակույթը: Ավելին, նրանք արմատական այդ գործընթացներում ջանացին չկորցնել առաջնային լինելու իրենց գործառույթները՝ հավատարիմ մնալով անառարկելի այն իմաստությանը, որ ամեն ինչ լինում է նախ մտքի ու հոգու մեջ, ապա՝ իրականում: Թե որքանով հաջողվեց, դա արդեն այլ խնդիր է: Սակայն կա մի պարզ ճշմարտություն, ըստ որի արվեստը եւ գրականությունն աշխարհագրական-վարչական բաժանման չեն ենթարկվում, ասել է թե՝ եվրոպական արժեքները վաղուց թափանցել էին մեր աշխարհը եւ արդեն կենարար ազդեցություն էին ունենում: Եվ, հասկանալի է, որ այդ ամենը չէր կարող լինել առանց տեղատվությունների ու մակընթացությունների: Խոսքը, տվյալ պարագայում, գեղարվեստական որոնումների ու հայտնությունների մասին է: Անզեն աչքով անգամ հստակ տեսանելի դարձավ՝ ինչ մակերեսային էր, փրփուրի պես պայթեց պղպջակ առ պղպջակ, ինչպես Շիրազը կասեր, գնաց, հատակում մնացին մարգարիտները: Երեւան եկան նաեւ գրքի օտարման ու հոգեւոր արժեքների գնահատման գործում անտարբերության երեւույթներ, այդ ասպարեզներում երկակի վերաբերմունքների դրսեւորման միտումներ, որ, դժբախտաբար, առկա են նաեւ այսօր: Եվ, կարծում եմ, այստեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ գեղարվեստական լուրջ գործերը, որ կարող էին ստեղծվել ժամանակի ընթացքում՝ տեւական նստվածքներից հետո, ասպարեզը կարծես «զիջեցին» միջակությանը (ի դեպ, դեռեւս Դոստոեւսկին էր ժամանակին ահազանգում՝ ամենից ավելի վախենում եմ միջակությունից), իսկ ձեւավորվող նոր հասարակությունը, ճիշտ է՝ դանդաղորեն, ինչ որ չափով գուցե դեռ աննկատելի, բայց եւ այնպես սկսեց անկողմնակալ ձեւով ու օբյեկտիվ օրինաչափությամբ «իշխել» պահանջատիրական իր դիրքերի վրա. եվրոպական հոգեւոր չափանիշները սկսեցին թելադրել իրենցը: Բնականաբար, նորից հոգեւորին մեզ ամուր կապելու-մերձեցնելու գլխավոր կամուրջները մնացին գեղարվեստական այն երկերը, որոնք դուրս էին դարձդարձիկ ժամանակների գաղափարաբանական խոտորումներից, երկեր, որոնց հեղինակները ոչ միայն տուրք չեն տվել այս կամ այն գաղափարաբանությանը, այլեւ հեռու մնալով ամեն տեսակի քարոզչական ախտերից, ապահովել են գեղարվեստական որակներ՝ ստեղծելով «կատարելապես գեղեցիկ մարդու» կերպար, մարդու մեջ վեհացնելով մարդուն, գրականությունը վերադարձնելով նրա գլխավոր եւ առաջնային առաքելությանը: Հարցը որքան կոնկրետ, նույնքան բարդ է, հետեւապես ես կփորձեմ անդրադառնալ նրա հետ առնչվող մի քանի էական կողմերի միայն, իհարկե` հեռու մնալով սպառիչ պատասխաններ տալու հավակնությունից: *** Աշխարհն ամեն ակնթարթ, որպես գաղափար, աննախադեպ է՝ եզակի պատկերի մեջ, եթե այդ համաչափությունը խախտվում է, ուրեմն, չի կայանում գեղարվեստական նորույթը, ընկալումները մնում են ստերեոտիպային, անհատը վերաճում է կրկնավորի: Ինչու՞: Որովհետեւ որոշակի գաղափար արտահայտելու տրամադրվածությունը ենթադրում է կանխակալություն ու պատկերի ստեղծման պրոցեսում արվեստականության դրսեւորում: Տենդենցիոզ գրականությունը միանգամայն հատուկ էր խորհրդային համակարգին, որի կողմից եւ մոգոնվեց սոցիալիստական ռեալիզմ մեթոդը: Այդ հանգամանքն, ի դեպ, սահմանափակումներ էր պարտադրում անգամ թեմայի հարցում: Սակայն խնդիրը «խորհրդայինի» մեջ չէ, այլեւ գաղափարի կանխակալության մեջ, ինչպիսին էլ այն լինի: Ճշմարիտ գրականությունն ինքն է արտահայտում գաղափար, ոչ թե հանդես է գալիս որպես գաղափարի արտահայտություն: Յուրաքանչյուր բառ փիլիսոփայություն է ու գիտություն, աշխարհայեցողություն, արվեստագետը արարում է, եւ նրա ուժը նախաստեղծությունը չաղարտելու մեջ է, պատկերը` անխաթար ու անկողմնակալ, ոչ միտումնավոր ձեւով գրականություն բերելու մեջ: Ավելի հստակ ձեւակերպեմ միտքս՝ կարծում եմ, ոչ թե գրողը պետք է պատկերին գաղափարներ հաղորդի, այլ պատկերն ինքը պետք է իր հետ բերի գաղափար՝ անկախ նրանից, դա որքան է ընդունելի, կամ՝ ոչ... Ապրումը պատկերի է վերածվում ենթագիտակցական շերտերում, եւ բնականոն հունի մեջ են ներկայանում բառը, ոճն ու մտածողությունը՝ հուշելով իմաստային նոր գաղափար: Իսկ եթե գաղափարախոսությունը պատկերից առաջ է ընկնում, դառնում ֆոն, նշանակում է ծնունդն արհեստական է եւ միտումնավորությունը սպանում է այն առանձնահատուկը, որի մասին դեռ չգիտենք, բայց որի հետ առնչվելու հույսն ու սպասումն ենք ունենում ամեն մի ինքնատիպ երկի հետ առնչվելիս: «Գաղափարների գրականության ժամանակները,- գրում է Ս. Սարինյանը,- անցել են: Գրականությունը հեռացել է հասարակությունից եւ միացել մարդուն»: Յուրաքանչյուր գրող ունենում է իր ճշմարտությունը, իր աշխարհընկալումը, վերջապես իր չափանիշները, իր սկզբունքը, ուրիշ խոսք է, որ դրանք հանրորեն ընդունված մակարդակների հետ կարող են խոսել կամ չխոսել: Ահա թե ինչու «արվեստագետի ստեղծած պատկերային գանձարանն է», որ թե՛ երեկ, թե՛ այսօր (հույս ունեմ՝ նաեւ վաղը) դիտվում է որպես «այն հիմքը, որի վրա կարող է կառուցվել ապագայի որեւէ հնարավոր քաղաքակրթություն»: Կրկին հիշենք Լեւ Տոլստոյի խոսքը. նա դժգոհում է իր հերոսուհուց՝ Աննա Կարինինայից, որ չլսելով իրեն՝ նետվել է գնացքի տակ: Մի անգամ (1883թ.), երբ ժամանակակիցներից մեկը Լ.Ն. Տոլստոյին հարցնում է Աննա Կարինինայի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին, մեծ գրողը` հիշեցնելով Պուշկինի հայտնի խոսքը («Պատկերացրու, ինչպիսի խաղ է խաղացել ինձ հետ Տատյանան: Նա մարդու է գնացել: Ես դա նրանից երբեք չեմ սպասել»), իր հերթին նշել է. «Այդ նույնը ես կարող եմ ասել Աննա Կարինինայի մասին: Ընդհանրապես իմ հերոսներն ու հերոսուհիներն անում են այնպիսի բաներ, ինչպիսիք ես չէի ցանկանա. նրանք անում են այն, ինչ պետք է անեն իրական կյանքում եւ ինչպես լինում է իրական կյանքում, բայց ոչ թե այն, ինչ ես կուզեի»: Եվ զարմանալի չէ, որ Լ.Ն. Տոլստոյը բացարձակապես ժխտում էր Շեքսպիրի արվեստը. ինչո՞ւ: Այստեղ, կարծում եմ, դեր ունեն վերջինիս գեղագիտական դավանանքը, պոետիկան: Տոլստոյը Շեքսպիրին, իր իսկ խոստովանությամբ, կարդացել-ուսումնասիրել է թե ռուսերեն, թե անգլերեն ու գերմաներեն լեզուներով՝ ինչպես երիտասարդ տարիքում, այնպես էլ «հիսուն տարի անց», 75-ամյա հասակում (իր համոզմունքների մեջ ավելի հաստատակամ լինելու համար) եւ եկել է այն եզրակացության, խստորեն հակադրվելով գրական-գիտական աշխարհում շրջանառվող կարծիքներին, որ Շեքսպիրին «չի կարելի ոչ միայն մեծ, հանճարեղ, այլեւ, նույնիսկ, ամենամիջակ հորինող համարել»: Ժամանակին մեծ աղմուկ է հանել Տոլստոյի “Կ ՄպՍրտՌՐպ Ռ Տ ՊՐՈՎպ” քննադատական հոդվածը, որը, ինչպես վկայում են գրականագիտական աղբյուրները, 1903թ. տպագրվել է որպես Էռնեստ Կրոսբի «Շիքսպիրը եւ բանվոր դասակարգը» աշխատության ներածություն: Ահա մի փոքրիկ հատված Լ.Ն.Տոլստոյի դիտարկումներից. “Թ ՊՐՈՎպ “ԽՏՐՏսՖ խՌՐ” ՊպռրՑՉց՚քՌպ սՌՓՈ տՏ ՉվպՔվՏրՑՌ ՊպռրՑՉՌՑպսՖվՏ տՏրՑՈՉսպվօ Չ տՐՏՑՌՉՏՐպփՌպ ր ՏՍՐցՋՈ՚քՌՎ ՎՌՐՏՎ Ռ ոՏՐ՚Ցրÿ ր վՌՎ. ծՏ ոՏՐՖոՈ Ռւ վպ ՉօՑպՍՈպՑ Ռջ պրՑպրՑՉպվվՏչՏ ւՏՊՈ րՏոօՑՌռ Ռ Ռջ ւՈՐՈՍՑպՐՏՉ սՌՓ, Ո րՏՉպՐՔպվվՏ տՐՏՌջՉՏսՖվՏ ցրՑՈվՈՉսՌՉՈպՑրÿ ՈՉՑՏՐՏՎ Ռ տՏՑՏՎց վպ ՎՏՋպՑ տՐՏՌջՉՏՊՌՑՖ վՈ փՌՑՈՑպսÿ ՑՏռ Ռսս՚ջՌՌ, ՍՏՑՏՐՈÿ րՏրՑՈՉսÿպՑ չսՈՉվՏպ ցրսՏՉՌպ ՌրՍցրրՑՉՈ”: Շեքսպիրը չէր կարող երբեք դժգոհել իր հերոսներից, թե իրեն չեն ենթարկվում, քանի որ նրա հերոսները բավականին «հնազանդ» են եւ գրողին հասկանում են մի թեթեւ ժեստից անգամ: Ավելին, նրանք ոչ թե հեռու են «երեխա» լինելուց, այլ նաեւ ինչ-որ տեղ «դիվանագետներ» են ասես: Ընդունելի է սա, թե ոչ, դա այլ հարց է: Երեւույթի մեջ հայտնաբերել նրա «գլխավոր հատկանիշը», «ակնառու որակը» (Ի. Թեն), այն հիմնականն ու էականը, որ մինչ այդ ոչ մեկի կողմից ոչ մի ժամանակ չի բացահայտվել. սա է, թերեւս, առաջնային այն միտումը, որը տանում է գաղափարի հայտնության: Այսինքն, արվեստագետը ոչ թե պատրաստի հատկանիշներ է «պարտադրում» իրերին, այլ անհայտությունից դուրս է բերում նրանց խորքում պահված էական գծերն ու կարեւորում դրանք յուրովի: Եվ գաղտնիքն էլ այդ «յուրովի»-ի մեջ է: Խնդրին փորձենք մոտենալ փիլիսոփայորեն: Երբ առարկայի մեջ, ասենք, հասնում ենք նրա էության բացահայտմանը, ապա դրանով իսկ «թույլատրում» ու հնարավորություն ենք տալիս, որ նույն այդ առարկան իր հերթին մեր մեջ «հայտնաբերի» մեզ, որովհետեւ յուրաքանչյուր իրի կամ երեւույթի հետ մեր «հանդիպումը» տեղի է ունենում միայն ու միայն փոխադարձության օրենքի հիման վրա: Դրան մեծապես նպաստում է մեր կողմից առարկայի շնչավորումը, ինչպես ընդունված է ասել: Չէ՞ որ հաճախ ոչ թե մենք ենք դիմում նյութին, այլ նյութն ինքը մեզ հանգիստ չի տալիս: Այսպես, պատկերացնենք, որ յուրաքանչյուր իր ունի իր հայելին, նրա մեջ նայելով, մենք տեսնում ենք, թե ինչպես է նույն այդ իրն արտացոլում մեր ներսը եւ մենք ինչպիսինն ենք նրա հայացքում, այսինքն՝ մենք, ներկայացնելով երեւույթը, թույլ ենք տալիս, որ երեւույթն էլ իր հերթին «ներկայացնի» մեզ, հետեւապես բացահայտումի հաճույքն ապրում ենք երկուստեք: Նյութի հաղթահարման ընթացքում է, բնականաբար, որ դրսեւորվում է գրողի անհատականությունը: Եվ քանի որ ծառի, քարի, թփի, արեւի, ջրի, ծաղկի, մարդու, կենդանու (եւ այլն, եւ այլն) «հայելիները» բավականին տարբեր են լինում իրենց «ընկալումների» դաշտով՝ ամեն մի հայեցողի դեպքում, ուրեմն՝ տեսանողները նույնքան բազմազան են ու, յուրաքանչյուր պարագայում, անկրկնելի: Սակայն, խոստովանենք, որ մենք գիտենք միայն այն, ինչ գիտենք, իսկ ինչ չգիտենք եւ չենք տեսնում, դա ավելի անսահման է, ուրեմն՝ ոչ մի առարկա կամ երեւույթ չենք կարող ամբողջական ներկայացնել գեղարվեստական պատկերի մեջ, քանի որ բնությունը միասնական մի ներդաշնակություն է եւ մենք «ներկայացնում» ենք այն մեր իմացությունների չափով միայն, մասնակիորեն, իսկ ահա երբ «հնարավորություն» ենք տալիս երեւույթին, մեր անկողմնակալ միջնորդությամբ, ինքն իրեն բացելու-բացահայտելու, այդ դեպքում հայտնությունը լինում է առավել կատարյալ եւ մեզ շրջապատող աշխարհի մասին մեր իմացությունները բազմապատկվում են, մեր դիտարկման դաշտն ու տեսահորիզոնն անհամեմատելիորեն մեծանում են: Ասել է թե՝ տեսանելու, այսպես ասած, գործառույթներին մասնակից է դառնում ամբողջ տիեզերքը եւ գրողի, մտածողի ու գեղագետի դիտարկումները միանգամից դառնում են կոսմոցենտրիկ ու համապարփակ: Միակերպության բացառման, գաղափարական նորույթի «ապահովման» գեղարվեստական միջոցներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր նյութ ինքն է տեսանողին թելադրում քննել-զննելու յուրատեսակ ձեւը, «տրամադրում» բացառիկ աչք ու տեսողություն: Այսինքն՝ կատարվում է հայացքների, մոտեցումների, ընկալումների կոնսոլիդացում, անսովոր մի սինթեզ, որը եւ տանում է դեպի եզակին: Սա այն կարեւոր նախապայմանն է հենց, որ դրված է գեղարվեստական պատկերի անկրկնելիության հիմքում: Ահա թե ինչու մեծ արվեստագետները նախ եւ առաջ մեծ տեսանողներ ու գեղագետներ են: Այլ կերպ ասած՝ ստեղծագործելու պահին արվեստագետը ձուլվում է բնությանը եւ, որպես նրա մի ակտիվ մասնիկը, փոխներթափանցման ու փոխհաղորդակցության միջոցով հասնում է ինտրոսպեկցիայի, դառնում տիեզերական շարժման առանցքը: Եվ եթե ընդունենք ակնհայտ ճշմարտությունը, որ գրականությունն աշխարհի գեղարվեստական կերպավորումն է, ապա միանգամից պարզ կդառնա, թե ինչու ժամանակի ու պատմության դաժան քննությանը դիմանում են միայն այն արվեստագետները, որոնք բերում են ինքնատիպ ու բոլորովին նոր կերպար: Դրա լավագույն օրինակներից է Դոստոեւսկու Միշկինը: Ահավասիկ՝ «Ապուշ»-ի ամենահետաքրքիր դրվագներից մեկը, երբ Ագլայան ներքին վախ է ապրում Միշկինի համար, թե նա հանկարծ հասարակության մեջ քննություն չի բռնի, որովհետեւ Միշկինի դատողություններում, խոսքերում ու արարքներում տեսնում է մարդկային նախնական ու անխառն անաղարտություն, մաքրություն ու, հետեւապես, ծիծաղելիության հասնող երեխայություն: Ոչ մի «բռնացում» չկա Դոստոեւսկու կողմից: Ի դեպ, հերոսի ծիծաղելի լինելը Դոստոեւսկու նպատակներից էր՝ ծիծաղելի է եւ միայն դրանով է, որ գրավում է. «Կարեկցություն է առաջացնում ծաղրված եւ իր գինը չիմացող գեղեցկի հանդեպ, եւ նշանակում է, ընթերցողի մեջ էլ առաջանում է համակրանքը: Կարեկցության այս հարուցումն էլ հենց հումորի գաղտնիքն է»: Սա բավականին բարձր պահանջ է, որին դիմանալ կարող են միայն ընտրյալները, ինչպես, ասենք Կաֆկան, Մաթեւոսյանը, Մարկեսը, Կամյուն, Հեսսեն... Սակայն չշեղվենք, դառնանք «Ապուշ»-ին. «-Լսեցեք, Ագլայա,-ասաց իշխանը,- ինձ թվում է, թե ինձ համար դուք շատ եք վախենում, որ հանկարծ վաղը կտրվեմ... այդ հասարակության մեջ: -Ձեզ համա՞ր: Վախենո՞ւմ եմ,- ամբողջովին բռնկվեց Ագլայան,- ես ինչո՞ւ պիտի վախենամ ձեզ համար, թեկուզ դուք... թեկուզ դուք բոլորովին խայտառակվեք: Ի՞նձ ինչ: Եվ ինչպե՞ս կարող եք այդպիսի խոսքեր գործածել, ի՞նչ է նշանակում «կտրվել»: Դա զզվելի խոսք է, գռեհիկ: -Դա... դպրոցական խոսք է: -Դե այո, դպրոցական խոսք է: Զզվելի՛ խոսք: Կարծեմ, դուք մտադիր եք վաղը շարունակ այդպիսի խոսքերով խոսել: Տանը որոնեցեք ու ձեր բառապաշարում ավելի շատ գտեք այդպիսի բառեր. ա՜յ թե տպավորություն կգործեք: Ափսոս, որ դուք, կարծեմ, գիտեք լավ ներս մտնել. այդ որտե՞ղ եք սովորել: Դուք կկարողանա՞ք վերցնել եւ վայելուչ ձեւով մի գավաթ թեյ խմել, երբ ձեզ վրա բոլորը դիտմամբ նայելիս լինեն: -Կարծում եմ, որ կկարողանամ: -Ափսո՜ս. թե չէ ես մի քիչ կծիծաղեի: Գոնե ջարդեցեք հյուրասենյակի չինական վազան: Նա թանկ արժե. խնդրում եմ, ջարդեցեք. դա նվեր է, մայրիկս կգժվի եւ բոլորի ներկայությամբ լաց կլինի, այն աստիճան դա թանկ է նրա համար: Մի որեւէ շարժում արեք, ինչպես միշտ անում եք, խփեցեք ու ջարդեցեք: Դիտմամբ մոտիկ նստեցեք: -Ընդհակառակը, կաշխատեմ որքան կարելի է հեռու նստել. շնորհակալություն, որ նախազգուշացնում եք»: Ամեն մի ժամանակաշրջան ու հասարակարգ, բնականաբար, ունենում է իր մշակված գաղափարաբանությունը, սակայն ճշմարիտ արվեստը միշտ էլ կարողանում է չդառնալ նրա խոսափողը, վեր մնալ այն ամենից, ինչը թելադրվում է հակամարտող ուժերի կողմից: Եվ, ցույց է տալիս պատմությունը, որտեղ գաղափարախոսությունը վերածվում է գրականության նախադրյալի, գեղարվեստական պատկերն այնտեղ մեռնում է, խոսքը դառնում է անկենդան: Պոլ Սեզանը նկատել է, որ արվեստագետը զգայությունների կիզակետ է, բայց եթե նա միջամտում է, եթե խղճուկ տեղով փորձում է գիտակցաբար խառնվել այն ամենին, ինչ պիտի արտահայտի, ապա դրան հաղորդում է իր չնչինությունը եւ ստեղծագործությունը դառնում է անարժեք: Իսկ ահա Բրունո դը Սեսոլը գտնում է, որ մտավոր միջավայրում տարածված արատներ են թե գաղափարախոսությունը՝ իբրեւ մոլեռանդություն եւ թե ուտոպիան՝ իբրեւ թերահավատություն` երկուսի մեջ էլ տեսնելով նույն չարիքի արմատները: Հետաքրքիր է նաեւ մեր մեջ ժամանակակցի՝ Հր. Մաթեւոսյանի դիտարկումը. «Ավարտվում է գաղափարախոսության ժամանակաշրջանը...»: Կանխագաղափարը սպանում է ներշնչումի ազատությունը, գեղեցիկը, ոչնչացնում ստեղծագործության մեջ ինքնատիպն ու վսեմը: Ահա թե ինչու կատարելության ձգտումը երբեք չի դադարում Դոստոեւսկու ստեղծած կերպարներում, եւ այստեղից էլ սկիզբ է առնում մեծ մտածողի գեղագիտությունը՝ հիմք դնելով գրողի պատկերային համակարգի ձեւավորմանը, նրա ինքնատիպությանն ու հոգեբանական վերլուծությունների ամբողջականացմանը, փիլիսոփայական մտքի ուղղվածությանն ու խորությանը, որոնք, ի վերջո, աշխարհայացքային նույն ելակետի վրա են խարսխված: Կատարելապես գեղեցիկ մարդու կերպարը, ինչպես հավաստում է ինքը՝ Դոստոեւսկին, շատ է հուզել նրան: Եվ այդ իդեալը նրան ներկայացել է երեխայի տեսքով: Ու պատահական չէ, որ գրողի հերոսները, հիմնականում, ինչպես ասում են՝ մեծ մարմնի մեջ փոքրիկ երեխաներ են: Այսինքն, մետաֆիզիկա՝ ֆիզիկայից առաջ: Երեւի թե դա այն վիճակն է, երբ մարդ տարիք առնելով, իմաստնանալով՝ սկսում է նորից մանկանալ, իհարկե՝ փիլիսոփայական իմաստով: Դոստոեւսկու ստեղծագործական ամբողջ կյանքում նրան մշտապես ուղեկցեց, իր իսկ ձեւակերպմամբ, «հավերժական մանկությունը»: Դա արտաքուստ թվում է, թե աննշան երեւույթ է, բայց իրականում կազմում է մեծ գրողի գեղագիտական սկզբունքների հիմքը: Երեւույթներն ընկալելու գեղագիտական խնդիրներում ներքին աղերսներ կարելի է հայտնաբերել արվեստի մեծերի բազմաթիվ գործերում, մոտեցումներում: Այսպես, օրինակ, «հանճարեղ» որակումը նրանց մոտ հաճախ է փոխվում «երեխա»-ով, յուրաքանչյուր դեպքում, իհարկե, բառի հեղինակային կոդավորումով. Արթուր Ռեմբոյին Հյուգոն համարել է «մանուկ Շեքսպիր», իսկ Վեռլենը՝ «մեծ երեխա»: Մատիսը գրել է, որ «ամբողջ կյանքում հարկավոր է աշխարհին նայել երեխայի աչքերով»: Նիցշեն իր բանաձեւն ունի. «Եթե դուք չդառնաք երեխայի նման, դուք այն երկնային արքայությունը չեք մտնի»: Իսկ ահա Մարտիրոս Սարյանը երազում էր նկարել երեխայի պես: Հերման Հեսսեի «Սիթհարդա» սքանչելի վեպի հերոսը գտնում է, որ սիրել կարող են միայն «երեխա-մարդիկ»: Երեւույթն անմեկնելի խորքեր ունի, անշուշտ, բայց մի բան հստակ է՝ մարդուն դիտել եւ պատկերել նախնական մաքրության մեջ, քաղաքակրթական աղավաղումներից զերծ, ավելին, թույլ չտալ, որ «արվեստական թույնը» քայքայի կերպարը ներսից, որովհետեւ գեղարվեստական երկի հաջողության առաջին գրավականը բոլոր ժամանակներում էլ եղել ու մնում է արվեստի մեջ «արվեստ չանելու» պայմանը: Այս առումով համաշխարհային իրականության մեջ անմրցակից է Ֆրանց Կաֆկան: Կաֆկայի ոճը, մտածողությունը, պատկերային համակարգը, դատողություններն ու տրամաբանությունը, փիլիսոփայությունն այնքան բնական հունով են ընթանում ու անմիջական, ասես գրողը դուրս է այդ ամենից եւ ոչնչով չի մասնակցում իր իսկ երկի ստեղծմանը: Կաֆկան անբանականին (իռացիոնալին) հասնում է նրան «հակադրվելով»: Դա նրա արվեստի առեղծվածն է: Ահա մի փոքրիկ հատված Կաֆկայի «Դատավարություն» վեպից, ուր հերոսը միանգամից հայտնվում է անսովոր իրավիճակում, երբ հանկարծ իմանում է, որ ինքը ձերբակալված է ու դատ պիտի լինի. «Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ-ին, քանի որ նա՝ առանց որեւէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ: Նրա տանտիրուհու՝Ֆրաու Գրուբախի խոհարարուհին, որն ամեն օր ժամը ութին էր նախաճաշը բերում, այս անգամ չերեւաց: Նման բան երբեք չէր պատահել: Կ-ն մի փոքր էլ սպասեց, պառկած տեղից տեսավ իրեն ոչ այնքան հատուկ հետաքրքրասիրությամբ, այս կողմը նայող դիմացի շենքի ծեր տիկնոջը եւ, քիչ անց՝ տարակուսանքի ու քաղցի խառը զգացումով, սեղմեց զանգի կոճակը: Դուռն իսկույն թակեցին, եւ ներս մտավ մի տղամարդ, որին Կ-ն մինչ այդ երբեք չէր տեսել բնակարանում»: Ապա Յոզեֆ Կ-ի ձերբակալության պատճառը փոքր-ինչ «բացում» է բնակարանատիրուհի Ֆրաու Գրուբախը. «Այո՛, -ավելի մեղմ ասաց նա:-Սակայն, ամենից առաջ, Դուք չպետք է եղածը շատ ծանր ընդունեք: Ինչ ասես չի կատարվում կյանքում: Քանի որ այդպես անկեղծ եք խոսում ինձ հետ, պարոն Կ., կարող եմ խոստովանել. ես դռան հետեւից մի փոքր ականջ եմ դրել, եւ հետո՝ երկու պահակները որոշ բաներ պատմել են ինձ: Խոսքը Ձեր բարեկեցության մասին է, եւ դա ինձ շատ է ուրախացնում: Թերեւս ավելի շատ, քան պետք է լիներ, որովհետեւ ես միայն Ձեր բնակարանատիրուհին եմ: Ուրեմն, ես որոշ բաներ լսեցի, սակայն չեմ կարող ասել, թե դրանցում առանձնապես վատ բան կար: Ոչ: Դուք թեեւ ձերբակալված եք, բայց ո՛չ այնպես, ինչպես գողի մեկը կլիներ: Գողի նման ձերբակալված լինելը շատ վատ է, մինչդեռ սա...»: Ինչպես Դոստոեւսկու երկերում, ընդհանրապես, Կաֆկայի մոտ էլ առաջին պլանի վրա է ոչ թե դատը, այլեւ «խղճի դատը», առանց որի անիմաստ կլիներ «կատարելապես գեղեցիկ մարդու» որոնումը: Գաղափարը հին է, բայց որոնման կերպը («ինչպես»-ը) նորացնում է այն՝ ըստ գրողի ստեղծած պատկերի: Անսովոր եւ ինչ որ տեղ նույնիսկ տարօրինակ են թվում Կաֆկայի ստեղծած բնավորությունները: Նա մշտապես իր պատկերային համակարգում ու արծարծված գաղափարների մեջ մեզ ներկայանում է որպես մեն-մենակ, «հոտից դուրս» գտնվող մի գեղագետ, որն աշխարհում զանցառում է բոլոր քաղաքակրթությունները՝ իրենը հաստատելու համար: Նրա բերած գեղարվեստական խոսքի որակը աննախադեպ է, բացառիկ: Կաֆկայի հերոսները զերծ են ինչպես ներքին, այնպես էլ շրջապատից, կենցաղից ու սովորություններից, ժամանակի բարոյական նորմերից թելադրվող պայմանականություններից, յուրաքանչյուր քայլ նրանք կատարում են մինչ այդ երբեւէ չքարտեզագրված ճանապարհի վրա, երեւույթը բացելով բոլորովին անսպասելի եզրից, գուցե թե՝ ինչ-որ տեղ տարօրինակ ու անընդունելի, բայց անպայման ինքնատիպ ու իմաստալից: Այս ամենը ստեղծում են բարձր լարման դաշտ՝ ծայրահեղորեն գեղեցիկ անակնկալներով, խիստ հագեցած դրամատիզմով, յուրաքանչյուր գործողություն ու խոսք դառնում է հետաքրքրական ու անկանխատեսելի: «Հենց այս անկանխատեսելիությունն է,- գրում է Սարտրը,- որն իր «Դատավարությունում» եւ «Դղյակում» փորձել է նկարագրել Կաֆկան. Կ.-ի եւ հողաչափի գործողությունների արդյունքները, երբ դրանք արտաքին աշխարհին են վերաբերում, միանգամայն համապատասխանում են նրանց կանխատեսումներին եւ բարեհաջող գործողություններ են: Սակայն միաժամանակ, նրանց համար մեկընդմիշտ անհայտ ու անհաս է մնում այդ գործողությունների իրական կողմը, դրանց ներքին իմաստը, որը ո՛չ Կ.-ն եւ ո՛չ հողաչափը երբեք չեն իմանա: Անշուշտ, Կաֆկան այս ճանապարհով փորձում է աստվածային տրանսցենդենտությունը նկարագրել»: Ուրույն ընկալումներն ու «ինտելեկտուալ զգացողությունն» են դրված Կաֆկայի գեղարվեստական երկերի հիմքում, որոնցով էլ պայմանավորվում են գրողի բերած նորույթն ու ինքնատիպությունը, նրա մտածողական մակարդակը, արվեստի գեղագիտական արժեքը: Օրինաչափ է, որ վաղուց գրականության մեջ (այդ միտումը նկատելի է արվեստի բոլոր ճշմարիտ գործերում) ընդհանրացումներ կատարելու մենաշնորհը թողնված է ընթերցողին: Այնպես որ՝ «առակս զինչ կցուցանե»-ն անդառնալի անցյալ է: Ավելին, քսանմեկերորդ դարի մարդուն այսօր արդեն հոգնեցնում են պարզունակ կապերն ու շաղկապները, որոնք կարող են բացատրականության ինչ-ինչ տարրեր պարունակել: Երբեմն, թվում է, թե տողը տողի հետ կապ չունի, ասես ուրիշ նյութից են, մինչդեռ դա այդպես լինելով հանդերձ՝ այդպես չէ. մի՞թե լեռ նկարելիս մենք օդ չենք պատկերում, թեեւ դրանք բոլորովին տարբեր «նյութեր» են, բայց չէ՞ որ լրացնում են իրար: Կան տողամիջյան անցումներ, որ ավելի իմաստավոր են «լռության» մեջ, քան բառերում, պարզապես ենթաբնագրերը պետք է լինեն ընթեռնելի: Ժամանակակից ընթերցողի պահանջներն, այո՛, միանգամայն այլ են եւ նա առավել սիրով ընդունում է այն գրականությունը, ուր միտքը մտքին, պատկերը պատկերին, բառի ուղղակի իմաստով, «չեն շարունակում», միայն թե այնպես, որ միասնականության մեջ նրանք համադրելով անհամադրելին, կազմեն մի ընդգրկուն ամբողջականություն: Համադրելով անհամադրելին. ահա որն է գլխավորը: Այնպես որ՝ բառի մեջ պիտի փնտրել բոլոր հակադրամիասնությունների ակունքը, «ինտելեկտուալ զգացողությունների» ընդհանուր սուբստանցը: Եթե մտածողությունը չունի իր առանձնահատուկ (եւ նույնքան էլ՝ սովորական) բառը, ուրեմն չկա նոր խոսք, եթե բանատողերում «հանդիպում» են իրար, ասենք, երկու բառ, ապա նրանք պետք է որ դադարեն իրենց նախնական իմաստները կրելուց եւ պատկեր կազմեն այնպես, որ նրանց համար գոյություն չունենա այլեւս ոչ մի բացատրական բառարան, բացի ներքին ընկալումներից ու գեղագետի մտածողության հուշումներից, ինչպես դա, ասենք, Կաֆկայի մոտ է. «Մենք վտարվեցինք դրախտից, բայց դրախտը չկործանվեց: Վտարումը դրախտից հաջողություն էր ինչ-որ իմաստով, քանզի չվտարվեինք՝ Դրախտը կործանված կլիներ»: Բառերը տող չեն կարող կազմել, չեն կարող վերածվել պատկերի, եթե գույներն ու ելեւէջները չենթարկվեն հեղինակային մտածողության խիստ անհատականացված մոդուլացիային: Պիտի ասել, որ թե՛ Դոստոեւսկու, թե՛ Կաֆկայի ու թե՛ Մաթեւոսյանի պատկերային համակարգում կա գեղարվեստական մի «համընդհանուր» միջոց, որին իրենց երկերում նրանք դիմում են ավելի հաճախակի, դա թախծոտ ու հաճախ ողբերգության հասնող հեգնանքն է: Հիշենք Մաթեւոսյանի հերոսին, որը քաղաքային կրկեսում հանդիպելով գյուղից բերված ձիուն, ծնկով բոթում է նրա կողն ու շպրտում ընդամենը մի հատիկ բառ՝ էշ: Սա ավելին է, քան հայացքների ու մտքերի ալքիմիան: Սակայն, չմոռանանք, որ յուրաքանչյուր բառի մեջ տվյալ ժամանակի բաղադրատարրերն են: Ամեն ժամանակաշրջան իր բաղադրատարրերից ծնված բառն է հուշում, իսկ եթե տուրք ենք տալիս անախրոնիզմին ու հնօրյականությանը, դառնում ենք ոչ թե ժամանակավրեպ, այլ ուղղակի ժամանակասպան: Այժմ դառնանք Հրանտ Մաթեւոսյանի «Մենք ենք մեր սարերը» վիպակին, որը Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ»-ի, Կաֆկայի «Դատավարության» հետ կազմում է մի յուրովի եռանկյունի: Սա, իհարկե, առանձին ուսումնասիրության խնդիր է: Մաթեւոսյանի հերոսները՝ Իշխանը, Զավենը, Ավագը, Պավլեն իրենցով կատարելության են տանում նաեւ բնությանը: Եվ դա գրողի համար ոչ միայն նախասիրություն է, այլ փիլիսոփայական աշխարհայեցողություն: Մաթեւոսյանը եւս սիրում է «իրականացնել իր զգայությունները բնության ներկայությամբ»: Այսպես, ահա. «Եթե բոլորն էլ օդաչուի պես շուռ գային դեպի աստղերը, եւ ջրվորը չլսեր կշտացած հողի թեթեւ տնքոցը, մեղվապահը չբռներ հեռու սարափեշերին բացվող նեկտարածաղկի բուրո՜ւմը... (նրա հրավերն այնքան թաքուն է, որ ուրիշների, ոչ մեղվապահների համար նեկտարծաղկի նույնիսկ փունջը չի բուրում), կլիներ մի անհամ, անհամ, անվերջ անհամ աշխարհ: Եթե մեղվապահն աշխատեր ի պաշտոնե, արջին չէր տեսնի, որովհետեւ նա մեղվաբույծ է, պահակ չէ, իրեն միայն ծխարար են տվել ու դեմքի ցանց, հրացան չեն տվել կրակելու համար: Արջը ժայռի տակ չէր կանգնի, կշրջանցեր, կմտներ մեղվանոց, փեթակները ձորը կթափեր, որովհետեւ լիքը շրջանակներ չէր գտնի: Լիքը շրջանակներ չէր գտնի, որովհետեւ մեղվապահը ժամանակին մեղվապարսերն ուղղած չէր լինի դեպի սարալանջերը»: Իմաստասիրական այս հենքի վրա էլ Հրանտ Մաթեւոսյանը ստեղծել է իր մոլորակն ու իր աշխարհը, որտեղ հովիվները մինչեւ քաղաք հասնելն ու դատավորի առաջ կանգնելը, իրենք իրենց հոգու մեջ, բաց սարերի վրա, կանգնում են ու ներքին ինքնադատ կատարում՝ այնպիսի մի իդեալական մաքրությամբ, ազնվությամբ ու միամիտ-միամիտ արդարամտությամբ, որ դառնում են բացարձակապես անմեղ երեխաներ՝ մերկ ու անպաշտպան: Իսկ երբ գալիս են քաղաք ու նստում «մեղադրյալի նստարանին», նրանք ակամայից դառնում են ասես չարաճճի աշակերտներ, որոնք ավելի լավ գիտեն այն դասը, որը պիտի պատմեն իրենց: Եվ ահա դատարանի դահլիճում «ծնկները բաց» կինը գրավում է հովիվների ուշադրությունը: Ավագը «մորուքից չի ամաչում», ասում է՝ բա ի՞նչ, որ քաղաք ենք եկել՝ պիտի ծիծաղենք, բա հո չե՞նք եկել լաց լինելու: «Դատավորը նրան հարց է տալիս՝ նա դատավորին չի լսում. աչքը գցել է դահլիճին, ծնկները բաց այդ կնոջն ու հազում է, իծահազ է տալիս, հը՜-ըհը՜... Զահրումա՜ր: Դատախազը նրան մուր է քսում, իսկ նա Իշխանին արմնկում է. - Իշխան, հլա տես, է, աթոռը տակին պուճուր է: - Ու մրթմրթալով Իշխանից կարծիք է հարցնում՝ թուրքերի մեջ երկու կնիկ պահելու սովորությունը դեռ կա՞, թե վերացրել են: -Իշխան, տեսնես մարդ ունի՞... -Բա կթողնե՞ն դա անմարդ մնա: -Մարդ չգիտի՝ երանի տա՞, թե խղճա դրա մարդին: Վերջն էլ չհամբերեց, հի՜ն, թագավորական, հեքիաթային եղանակով դիմեց դատարանին. -Դատավորն ապրած կենա... հը-ըհը՜... Ընկերուհուն ասեք դուրս գնա, չի թողնում լավ մտածեմ, քաղաքացի դատավոր: Իսկ Իշխանը, քիթը խառնշտելով, ուզում է ոտ մեկնել Ավագի հետ՝ իբր թե շա՜տ համարձակ է ինքը, ու դատն իրեն չի վերաբերում. -Տեսնես թշերն իսկակա՞ն կարմիր են, թե ներկ քսա՞ծ կարմիր, Ավագ»: Կերպար ստեղծելու յուրատեսակ մոտեցումներում Մաթեւոսյանը դիմում է մարդու մեջ նրա անխառն բնույթի ու աստվածատուր պարզության հաստատմանը, «կատարելապես գեղեցիկը» հերոսների համար դարձնելով կոնկրետ հասցե, ուր բնավորություն ու եզերք են ներկայացնում անմիջականության անկեղծ ու անշպար գծերը: Աշխարհի գրական եւ ոչ գրական հերոսների պատկերասրահում Մաթեւոսյանը «տեղադրեց» իր դիմանկարը՝ մերը, հայկական, տեսակ, որի մեջ մեր ժամանակն ու մեր երկիրը դարձել են խտացված կերպար: Ժողովուրդ, ազգ, ճակատագիր: Գրականությունն ունի ճշգրիտ ու դաժան մի օրինաչափություն. նա, ով փորձում է բերել ո՛չ իրեն, ոչ ոքի ու ոչինչ չի բերում, պարզապես մի Սիզիփոսով եւս ավելացնում է նմանների թիվը: Հրանտ Մաթեւոսյանին, ոչ իրենից առաջ եւ ոչ էլ իրենից հետո («հետոն» պայմանական է, որովհետեւ նա միշտ ներկա է) ոչ ոք, բնականաբար, չէր կարող բերել. նա ինքը միայն ունեցավ ինքը լինելու եւ իրեն բերելու պատիվը: «Ես ես եմ»: Որովհետեւ եթե դու դու չես, ուրեմն՝ ոչ ոք ես: Եվ հենց այն «փոքրիկ» հանգամանքը, որ ինքդ կարողանում ես ինքդ լինել, առավել եւս, որպես այդպիսին ներկայանալ ու ազգ ու ժողովուրդ ներկայացնել, ու ժամանակ ու երկիր ներկայացնել, երեւի թե մեծագույն ձիրքն է, ավելի ճիշտ՝ համարձակություն, առանց որի Չարենցն անգամ չէր կարող դառնալ «հայ գրականության ամենաքաջ տղան»:
***
Գրականության զարգացումն ընթանում է բազմաթիվ հակադրությունների ներդաշնակումով, որոնցից առանձնանում են երկուսը՝ ավանդականությունն ու նորարարությունը, որոնք եւ, բնականաբար, սերտ առնչություն ունեն գաղափարի, հետեւապես եւ՝ աշխարհայացքի հետ: Եվ վիճակն առավել հստակ ներկայացնելու համար ասենք, որ մնացած բոլոր զարգացումներն ինչ որ չափով առնչվում են թվարկվածներին: Սակայն թե՛ ավանդականությունը, թե՛ նորարարությունը բավականին առաձգական հասկացություններ են, ի վերջո՝ պայմանական, որոնք ճիշտ մեկնաբանելու համար պիտի անպայման նկատի առնել մի կարեւոր նրբություն, այն, որ գրականությունն իր զարգացման ընթացքի մեջ, ի վերջո, մշտապես շղթա է հյուսում՝ շղթաներից ազատվելու համար, մշտապես կանոններ է սահմանում՝ կանոններից հրաժարվելու նպատակով: Պարադոքսալ է, բայց այդպես է: Իսկ տեսությունը միշտ ենթակա է փոփոխության: Ավանդույթը, եթե կարելի է այսպես ասել, ժողովրդական գիտություն է, առանց որի քայքայվում, անհետանում են կենսակերպի ու անհատականության կարեւորագույն հատկանիշները, ազգային մտածողության առողջ ու կենսունակ սաղմերը, նախամարդուց մինչեւ մարդն ընկած տարածությունը կորստյան է մատնվում: Եվ եթե ավանդույթների «մոռացման» շրջանը երկար շարունակվի՝ «անցումային ժամանակի» արդեն չանցնող պատրվակի հոլովույթով, ապա վրա կհասնի մեծ փլուզումը՝ մեզ կրկին հիշեցնելով բաբելոնյան խառնակության մասին հայտնի պատմությունը: Իսկ ընդհանրապես, անկախ այդ ամենից, չպետք է անցյալն ու ավանդականը շփոթել իրար հետ, առավել եւս՝ անցյալը հակադրել ապագային, այն պարզ պատճառով, որ դրանք արդեն իսկ հակադիր են: Եվ պատկերը ստեղծվում է միայն նրանց մեջ ներդաշնակություն «տեսնելու» պարագայում, որը եւ ենթադրում է բնականոն առաջընթաց, որովհետեւ «ետ գնալ, նշանակում է հրաժարվել հայտնագործման համար տրված առաջին հնարավորությունից»: Ավանդական հասկացության սխալ ըմբռնումները հաճախ հանգեցնում են նրան, որ, ասենք պոեզիայում, հանգ ու վանկով գրելը դիտվում է ավանդական ոճ, իսկ ազատ ստեղծագործելը՝ ոչ ավանդական, այն դեպքում երբ վերլիբրով կարելի է, ինչպես ասում են, ավելի մոտ լինել Քուչակին ու Թումանյանին: Իմ վերաբերմունքը հանգի նկատմամբ միանշանակ է՝ հանգավորման մեջ միշտներկա է «մտքի ավտոմատիզմը», որը եւ ինչ որ չափով սպանում է ստեղծագործության կենդանի հյուսվածքն ու բջիջները: Իհարկե, գրականության մեջ կան նաեւ փայլուն բացառություններ, սակայն խոսքն այդ մասին չէ: Ես գտնում եմ, որ ավանդականը` առաջին հերթին նորին դիմելն է, այդպես է եղել մեր բանաստեղծությունը՝ Գողթան երգերից, Խորենացուց մինչեւ Նարեկացի, Թումանյան ու Չարենց, մինչեւ Սեւակ ու Հովհ. Գրիգորյան: Հայ արձակում, օրինակ, ոչ ոք այնքան մոտ չէ Թումանյանին, որքան Հրանտ Մաթեւոսյանը: Բայց միաժամանակ Թումանյանից ոչ ոք հեռու չէ այնքան, որքան Հրանտ Մաթեւոսյանը: Ֆենոմենալ անհատականությունների առեղծվածը հենց դրանում պետք է փնտրել: Գյոթեն նշում է, որ «լուսնի տակ ոչինչ նոր չէ», ուրեմն՝ առավել եւս հին չէ հինը՝ նախնական իմաստով: *** Գրական միտումնավորությունը, այլ բառով՝ կանխագաղափարը, երկի մեջ է ներմուծում բարոյականության տարրեր: Մինչդեռ վաղուց արդեն արվեստը թոթափում է իրենից բարոյականության կապանքները, ինքնամաքրումի հասնելով՝ շատ ավելի ընդգծված ձեւով թեքվում դեպի մտքի ու զգացումի ազատությունը: Սակայն ավելի ճիշտ կլինի ասել՝ աշխարհի պոետական ընկալումներն են նրան մղում անկանխակալ-մաքուր-գեղեցիկ ոլորտ, որը արհեստականորեն ենթակայության մեջ չի գտնվում բարոյականի օգտակարության չափորոշիչների հետ: Այստեղ է, որ Մաթեւոսյանի հովիվները դաս են տալիս «քաղաքացի դատավորներին»: Եվ ժամանակի գեղարվեստական մտածողության ընդհանուր համապատկերում, գլոբալ ընդգրկումներով, հստակորեն դիֆերենցվում են Ջ. Ջոյսի, Վ. Ֆոլքների, Կ. Վոնեգութի, մյուս ազնվարյուն գեղագետների «հասարակությունից օտարված» հերոսները: Անվանի արվեստաբան Հ. Ռիդը գրում է. «Մորալիստները սպանել են արվեստը Անգլիայում, սպանել են երաժշտությունը, սպանել են պոեզիան, սպանել են թատրոնը. նրանք մեզ մի քիչ տվել են լավ արձակ եւ գուցե ինչ որ ճարտարապետություն»: Սակայն նկատենք, որ արվեստը զարգացման իր ընթացքի մեջ չէր կարող առանց «էթիկայի դարաշրջանն» անցնելու (ես կասեի՝ որպես պատմության զարգացման օղակ՝ կարեւոր), հասնել նրանից հրաժարվելու պահանջին, եւ այսօր որքան էլ փորձի հեռանալ էթիկայի բերած ուտիլիտարիզմից, այնուամենայնիվ, նրա հաղթահարումը յուրովի առաջընթաց է նշանավորում: Ավանդականի ու նորի կիրառաման իրենց մոտեցումներն են փորձում «պատկերի բերել» ժամանակակից հայ արձակում իրենց ուրույն տեղը նվաճած Լեւոն Խեչոյանն ու Գուրգեն Խանջյանը: Հետաքրքիր է, իհարկե, անդրադառնալ եւ նրանց մտածողական համակարգին, բնականաբար, գնահատության ու երեւույթի արժեւորման միանգամայն այլ հարթության վրա: Պատմավեպի ժանրային «կանոնակարգված» չափանիշներն ու ավանդական սահմանումները միանգամից տեղի են տալիս Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա. Դրաստամատ ներքինի» վեպում, ուր գրողը գլխավոր հերոսին ներկայացնում է ոչ միայն որպես պատմության դաշտում հավերժական «գրանցում» ստացած մի անհատի՝ ուղեծրային հանրահայտ հետագծով, այլեւ մի մարդու, որն իր առեղծվածային էության մեջ ու իրենով կատարելագործում է պատմության ընթացքն ու հիշողությունը՝ զուտ նորօրյա ընկալումներով, մարդ, որն իր գործողությունների տրամաբանությունը ենթարկում է ոչ թե ժամանակի փոփոխական նկրտումներին, այլ պատմության փիլիսոփայությանը: Արշակ արքայի կերպարի մեջ խտացված է մարդն Աստծո, առանց որի թագը կարող է կայանալ, թագավորությունը՝ ոչ, արքան կարող է կայանալ, արքայությունը՝ երբեք: Եվ հոգեբանորեն պատճառաբանված ու անընդհատ «արտակարգ» իրավիճակների մեջ հայտնվող հերոսի ներաշխարհը հեղինակը բացում է խիստ դրամատիկ ու գեղարվեստորեն համոզիչ այնպիսի պատկերներում, որոնք ինչքան իրական, նույնքան էլ երեւակայական են, ինչ որ տեղ, նույնիսկ, հասնում են միֆականության ու հեքիաթի: Արշակ արքան չի լսում ոչ մեկին, ասում է. «Գնում ենք ուրց քաղելու, թագուհին ուրց է ուզում»: Ու կառք է նստում Փառանձեմի հետ, ու բարձրանում է Արագած լեռան լանջը՝ անդունդներով, սարերով ու ձորերով, որոտների ու կայծակների միջով: «...Պառկել է կառքի հատակին Փառանձեմի հետ այնքան ժամանակ, մինչեւ որ թագուհու մեջքը փորից փափուկ է դարձել: Ու երբ բացել են կառքի դուռը, պայծառ, թանձր դեղինով արեւ է եղել, հենց կառքի դռան առաջ, տաք արեւի մեջ, ճաղատ, կարմիր մորուքով հովիվն է կանգնած եղել, իսկ հովվի առաջ՝ չորեքթաթ տալով, կառքից դուրս եկող, երկու մերկ մարմին: Հովիվը ասել է. «Կառքի վարագույրներն էլ փակ էին, կառքի միջից ահավոր վնգստոց էր գալիս, հալածված շան վնգստոց, ես ասի մեր շներից են գողանում»: Հետո կառքի զինանշանն է նկատել ու փռվել ծիրանին ուսերին գցող Արշակ թավագորի ոտքերի տակ, ասել է. «Տե՜ր, ներող եղիր խոսքերիս համար, իրոք անցյալ շաբաթ քոչվորները մեզանից շուն էին գողացել»: Կարմիր մորուքով հովիվը նրանց գավով կաթ է հյուրասիրել»: Իր վեպում պատմության ընթերցման միանգամայն նոր գեղագիտություն է առաջադրում Խեչոյանը: Պահը, որի մեջ հայտնվում է նրա հերոսը, միանգամից դառնում է դրամատիկ, ծայրահեղ իրադրությունների մեջ լարումն անընդհատ ուժգնանում է այնքան, որ կերպարային լուծումերը հնարավոր են դառնում միայն մետաֆիզիկական դաշտում. «...եթե Արշակ արքան ու Փառանձեմ թագուհին տարվա այդ եղանակին լեռները չբարձրանային, Հայոց աշխարհում սով կլիներ, ու չէր ծնվի Պապ թագավորը: Գետնի տակ սգում էր դժոխքը, իսկ վերեւում ցնծում էր երկինքը»: «Նստիր Ա գնացքը» վեպի մեջ Գուրգեն Խանջյանը բոլորովին անսպասելի եզրերից է բացում հերոսների ներաշխարհը, որոնցից յուրաքանչյուրը գնում է իր եւ միայն իր ճանապարհը՝ թեպետ բոլորը նույն գնացքի մեջ են: Կերպարային լուծումներին հեղինակը ընթացք է տալիս զուտ հոգեբանական դաշտում: Թեեւ գնացքը շարժվում է երկաթգծերի վրա, նախանշված ուղիով, բայց ուղեւորները վաղուց արդեն «ռելսերից» դուրս են ընթանում՝ ամեն մեկն իր ներհայեցողությամբ, ընդհանրականության հեղձուկից անջատված: Մարդիկ ասում են այն, ինչ մտածում են, այն են անում, ինչ ցանկանում են, «մեկնում են» այնտեղ, ուր հուշում է ազատությունը հոգու. եւ ահա բնավորությունները, դեպքերն ու իրողությունները գնացքի համապատկերում ստեղծում են սլացող կյանքի մանրակերտը, մի միջավայր, ուր ոչինչն է միայն հանուրի կողմից բացարձակ ընդունելի, ուր իրարամերժ ու հակասական շարժումների, անցու
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#7  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:30

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՏԵՍՈՒՄԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ Է

Изображение

Текст:
Ատելությունը, թշնամու եւ հաճախ՝ իրար հանդեպ, չպիտի կարողանա մեզ սիրող մարդուց, ընդհանրապես, վերածել ատողի: Դա թշնամու ուզածն է: Իրար ատենք՝ հայրենիքը չի սիրվի: Էլ չեմ խոսում այն մասին, որ երբեմն սլաքներով ուղղորդում ենք մեր սրտին նշան բռնված թշնամական գնդակները: Թշնամու դեմ գնալիս վահան ենք դարձնում ժողովրդի սերը, բայց թիկունքի վերքերից քի՞չ ենք զոհվում: Մեր մեջ մի վատ գիծ էլ է աջակցում մեր ուղուն. մեր դեռեւս ինքնորոնման մեջ գտնվող ժամանակի, մեր ինքնորոնման մեջ գտնվող հասարակության, մեր ինքնորոնման մեջ գտնվող գրականության մեջ կորցնում ենք այն չափանիշները, որ հազարամյակներում ենք ձեռք բերել: Տեղի է ունենում լավի ու վատի համահարթեցում: Տաղանդը բոլոր ժամանակներում էլ մնում է տաղանդ: Խորհրդային տարիներին՝ Զորյանի, Շիրազի, Սեւակի կողքին աննշան մնացածներն այսօր իրենց «չերեւալու» մեղքը բարդում են խորհրդային կարգերի վրա՝ հետին թվով հերոսանալով... Չափանիշների անտեսումը հոգեւոր արժեքների կորուստ է: Ամեն առումով: Այստեղ, իրար կողքի կանգնած, իրար չենք սիրում, ավելին՝ տանել չենք կարող իրար, բայց Լոս-Անջելոսից կամ մյուս Անջելոսներից մինչ Հայաստան ու Արցախ իրար պաշտում ենք: Որքան իրարից հեռու՝ սերն այնքան մեծ է: Կարոտ ենք ստեղծում՝ իրարից հեռանալով, կարոտով ապրում: Սա դառնում է ազգային հատկանիշ, ցավոք: Կարոտը մաքրելու ուժ ունի, դեմ չեմ, բայց սովորենք իրար կարոտել նաեւ իրար կողքի: Մինչդեռ, երբ նայում եմ պարբերական մամուլին, ուր գաղափարական վեճերը երբեմն վերածվում են հայհոյաբերան տեղատարափների, նախնադարը մատնացույց անող քարակռվի, զգում եմ, որ հեռանում ենք ինքներս մեզանից, ժողովրդից, ասել է թե՝ ընդհանուր ցավից փախս ենք տալիս, մոռանալով, որ երբ ձագերն իրար ուտում են, ուրեմն՝ ուտում են իրենց մորը:
***
Գրական-գեղարվեստական խոսքի, մեր ստեղծածի մակարդակի մասին: Վերջին տասնամյակները որական որոնումների առումով, հետաքրքիր են. եվրոպական առաջադիմական սկզբունքները կիրառվում են նաեւ մեզանում: Կատարվել է բառի հեղափոխություն՝ ի դեմս Հովհ. Գրիգորյանի, Հ. Էդոյանի, Ա. Հարությունյանի, Հ. Սարուխանի, Է. Միլիտոնյանի, Դ. Հովհաննեսի, Հր. Թամրազյանի, Ա. Մարտիրոսյանի եւ ուրիշների: Բոլորին չնշեցի: Կա՛ն շնորհալիներ: Բայց անցյալին կառչած, դեռեւս չենք կարողանում անվերապահորեն ընդունել գեղագիտական հեղափոխությունը, մեր ոտքերից ետ ձգող պարաններն ինքներս ենք հաճախ հյուսում: Ես չեմ ասում ծայրահեղությունների դիմենք, թեպետ առանց դրան էլ, պատմությունը ցույց է տալիս, չենք կարող յոլա գնալ: Նոր մտածողությունն ու նոր բառը, նոր աշխարհայեցողությունն ու փիլիսոփայությունը չեն կարող մեր ոչ թե հին (հինը ընդունելի է տվյալ դեպքում), այլ հնացած-փտած արմատների վրա բարձրանալ: Պիտի նորանանք ոչ միայն սաղարթով, այլ հին արմատների նոր դալարումներով. սա է գլխավորը: Առանց նորի ավանդականը մահանում է: Եթե ասպարեզ մտնող գրողի մեջ Թումանյանը չի նորացվում՝ չհնանալով հանդերձ, դա ոչ թե Թումանյանի, այլ նոր եկողի մահվան նշանն է:
***
Ձեւը վերցնելը հեշտ է, ոգու գործն է դժվարինն ու էականը: Ձեւով տարված՝ մեր ոգին տանուլ չտանք: Վերջին տասնամյակում գրական քիչ, չգոյության աստիճանի, քիչ գործեր կարելի է հիշել, որոնց մեջ ոգին ամուր է՝ իր հայկականությամբ, իր անցյալ ու ապագա ճանապարհների տառապանքով: Անսեր երգերը, ի վերջո, մեխանիկական տարրերի բացիլակիրներ են հոգեւորի մեջ, որոնք Ադամի եւ Եվայի սիրո գեղեցիկ ծեսը վերածում են պոռնկասեքսի, հոգեւոր մարդուն օտարում մարդուց, նրա մեջ թողնելով միայն մարմինը: Հոգեւորի կորուստը, անշուշտ, ինքնաոչնչացման պայման է:
***
Մեր գեղարվեստական իրականության մեջ թարմացումը իրական դարձավ հակտապես թարգմանականով: Ահա թե ինչու պատշաճը պիտի հատուցել եւ վերհիշել այս ասպարեզի երեւելի մեր գրողներին, թարգմանիչներին: Նրանք որակ ու մակարդակ են ապահովում: Սակայն այստեղ ես կարեւորում եմ մի էական հանգամանք. մեր կացութաձեւը, եվրոպական դարձնելով՝ մենք չենք կարող եվրոպացի դառնալ, իսկ եթե մեր ասիացի լինելուց հրաժարվենք, այլեւս ոչ մի տեղացի չենք կարող լինել ընդհանրապես: Ինչ եմ ուզում ասել: Եվրոպացու գործը թարգմանելով, այն պիտի մեզ համար ազգայնացնենք, ազգային արժեք դարձնենք, ոչ թե նրանք թարգմանելով` մենք եվրոպացի դառնանք: Առաջին մեր թարգմանիչը Մաշտոցն է: Դեպի Մաշտոց գնալով՝ չհեռանանք Մաշտոցից, ընդհակառակը՝ Մաշտոցից հեռանալով՝ մոտենանք Մաշտոցին: Այսպես: Առնվազն տարակուսանք է պատճառում՝ Դոստոեւսկու «Դեւերը» հրատարակիչ չի գտնում մեզանում: Սա հանցագործություն է, եթե ոչ կոնկրետ որեւէ մեկի, ուրեմն՝ բոլորիս կողմից, աններելի է: Այո՛, չափազացություն չէ ամենեւին Րաֆֆու խոսքը՝ մի լավ գիրքը ազգ է փրկում: Պատշաճը պիտի հատուցել Ռուբեն Հովսեփյանին, «Հարյուր տարվա մենությունը» հայերենացրեց: Դրանից առաջ՝ Կարպիս Սուրենյանին՝ Դոստոեւսկուն մեր ազգային արժեքը դարձնելու համար: Այս ասպարեզում անուրանալի է Արմեն Հովհաննիսյանի կատարածը: Քիչ չեն եւ նորերը: Հիշենք Հ. Էդոյանի («Հին արեւելքի պոեզիան»), Ա. Հարությունյանի («Ընտրանի ամերիկյան եւ անգլիական պոեզիայի») թարգմանությունները: Առաջխաղացում այս ասպարեզում կա: Բայց եւ, այդուհանդերձ, ինչո՞ւ մի լավ երաժշտական գործը (խոսքը ժամանակավրեպ ինչ-որ մոդեռն խաղի մասին չէ) միանգամից մեր հոգեւոր կյանքի մեջ է մտնում, իսկ գրականության մեջ առնվազն տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ են պահանջվում, որպեսզի այս կամ այն նորույթը հասնի հայ ընթերցողին: Այո՛, հարցադրման իմաստությունը ավանդական է՝ առանց ազգայինի չկա համշխարհային, բայց համաձայնենք Սարինյանի հետ, որ համաշխարհայինը կեղծ կատեգորիա է, եթե չի ազդում ազգայինի որակի վրա: Համաշխարհային արժեքներին դիմելով, մենք ավելի ենք խորանում մեր ազգայինի մեջ: Եվ սա բնական է: Մեր գեղարվեստական մտքի մեջ կատարված թարմացումը, որի հիմքում ազգային-ազատագրական շարժումն ու դարակազմիկ իրադարձություններն են մեր ժողովրդի կյանքում, չի կարելի չընդգծել «Գարունի» եւ «Ապոլոնի» նպատակամետ գործունեությունը, որի ակունքում կանգնած է Լեւոն Անանյանը: Մեր զարգացումը սկսվում է մեր գրից, մեր գիրը՝ հանրահայտ «Ճանաչել զիմաստությունից...»-ից: Աշխարհը յուրացնենք, որ մեր աշխարհը մերը լինի: Այստեղից է սկսվում հայտնությունը (ապոկալիպսիս) մեր գիտակցության մեջ:

***
Սարոյանը ասում էր՝ ես կսիրեմ մեր պատերազմները: Արցախյան համահայկական շարժման, մեր գոյամարտում հաղթանակած հայ զինվորի մասին ոչինչ չի գրվել: Ոչինչ: Կամ՝ համարյա ոչինչ: Ասում են՝ պիտի նստվածք տա, դեռ կգրվեն արժանի գործեր: Համաձայն եմ, ճշմարտություն կա այդտեղ: Բայց եւ այնպես, իսկ այսօ՞ր: Մի՞թե Դեմիրճյանի, Զորյանի կամ Զարյանի համար «նստվածքի» հարց չկար, երբ նրանք ձեռնամուխ եղան պատերազմական թեմաներով մոնումենտալ գործերի ստեղծմանը: Մի՞թե հայ մարդն էլ պատմական «նստվածքի» կարիք ունի, մի բան, որով նա, ցավոք, այնքան հարուստ է: Մեր օրերի հայ զինվորը երեւույթ է եւ սպասում է գեղարվեստական իր կերպարի կերտմանը, առանց որի մեր ազգային մտքի գեղարվեստական պատկերասրահը շատ աղքատ է ու անհաղթանակ:
***
Թող տարօրինակ չթվա, տեսեք՝ ծնվածների հոգսը քաշեցինք, հիմա էլ չծնվածների պրոբլեմն ենք առաջ քաշում: Ավելի շատ հայ երեխաներ այսօր զրկված են Հայաստանում ծնվելու իրավունքից: Քիչ չեն եւ նրանք, ովքեր ընդհանրապես զրկված են ծնվելու իրավունքից, քանի որ նրանց ծնողները անազատության մեջ են՝ դա լինի բանտային, սոցիալական, քաղաքական, թե այլ տեսակի: Սա եւս ազգային խնդիր է, գրականության խնդիր՝ բավականին նուրբ: Հենց այստեղ էլ մեջ է գալիս գաղթեղեռնի հարցը: Գաղթեղեռնը դարձել է մեր «գորդյան հանգույցը»: Այն միայն թեմա չէ մեզ համար: Ինչպե՞ս է գրականությունն անդրադառնում դրան: Երբ փախստական է հայն Ամերիկայում կամ Ռուսաստանում, սա ինչ-որ կերպ հասկանում ես՝ չընդունելով հանդերձ, երբ Հայաստանում է հայը փախստական, սա արդեն, մեղմ ասած, աբսուրդ է: Մեկ այլ պրոբլեմ: Պետությամբ իրավական լինելուց հեռու ենք, բայց գոնե օրենսդրական դաշտի մեջ պիտի տեղավորել, թե ինչու հայրենիքին ծառայելը բանակում ամեն մեկիս պարտքն է պարտադիր, բանակից հետո՝ ոնց կուզես, լքիր թեկուզ նեղության մեջ հայտնված հայրենիքդ, քո գլուխը փրկիր, բանակից հետո հայրենիքին պարտք չունես, ավելին, հայրենիքն է քեզ պարտք, քո ետեւից պիտի գա ու քեզ՝ հսկի, որ Ամերիկաներում հանկարծ քեֆիդ չդիպչեն:
***
Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ շա՞տ չենք անտարբեր դարձել շրջապատի ու մեր աշխարհի հանդեպ: Ազատությունը, որի մասին հաճախ ենք խոսում վերջերս՝ ամենատարբեր մակարդակներով, աստվածաշնորհ պարգեւ է, բայց ինչպե՞ս ենք օգտվում նրանից, ինչպե՞ս էր այն «կիրառվում» երեկ Շիրազի կամ Սեւակի, Եսենինի կամ Պաստեռնակի, Չարենցի կամ Բրոդսկու կողմից նույն այդ սովետի օրոք՝ երբ ազատ չէր երկիրը, ինչպե՞ս է «կիրառվում» այսօր ազատությունը մեր կողմից, երբ երկիրը ազատ է... Ասել է թե՝ ազատությունը գրողի համար ներքին հատկանիշ է, կարող է անգամ ազատ երկրում արվեստագետը չլինել ազատ, եթե... այդ շնորհը իր ներքին շարժման պայմանը չէ... Ազատությունը տաղանդ է հենց: Իսկական տաղանդներին տեր կանգնենք: Թեկուզ՝ սիրով: Խոստովանենք, միշտ չենք գտնվում «բարիկադների վրա»: Սա, արդյո՞ք, չի նշանակում, որ մեր մեջ արդեն արմատ է նետել հայկական (դիֆերենտիզմը) անտարբերականությունը, որից այնքան զգուշանում էր անզուգական Տերյանը: Հաճախ ենք նշում՝ ընթերցողը օտարվել է գրքից: Բայց չէ՞ որ դա ազնիվ վիճակ է: Եվ այդքանով՝ ընդունելի: Միաժամանակ՝ խրախույս՝ լավի ստեղծման: Երեկ, խորհրդային կարգերում, գիրքը շատ դեպքերում տան զարդ էր, կեղծ պահվածքի մասնակից, հիմա դրությունը հստակվում է: Այնքան դժվարին ժամանակներում Շիրազի, Սեւակի, Մաթեւոսյանի ստեղծած ընթերցողին մենք չկարողացանք պահել եւ դրանում մեղավոր են ոչ միայն ժամանակի սրընթաց վերուվարումները, դարակազմիկ իրադարձությունները, այլեւ առաջին հերթին՝ գրողները: Ինչո՞ւ: Մտածենք՝ ինչո՞ւ:
***
Քննադատություն, թող ներվի, չունենք, կամ՝ համարյա չունենք: Երբեմն եղածը չենք տեսնում, չեղածը տեսնում ենք: Երբեմն, եղածը չտեսնելուն տալով, կարծում ենք, թե չկա: Հայոց հազարամյակների ամենաակնառու երեւույթներից է (Նարեկացի, Թումանյան, Իսահակյան, Չարենց...) Հրանտ Մաթեւոսյանը: Երջանկահիշատակ Սուրեն Աղաբաբյանից հետո ոչ մի փորձ չի արվել մեր արձակի այդ աննախադեպ երեւույթը գիտականորեն բացելու ուղությամբ, չէ՞ որ դա մեր անցնելիք ճանապարհից թելադրվող ինքնաճանաչման անհրաժեշտություն է: Մինչդեռ մամուլը՝ գրական եւ ոչ գրական, լի է միջակությունների բարեբանումով: Դեռ չեմ խոսում մեզանում գոյություն ունեցող այն ախտի մասին, երբ որեւէ մեկը դեռ մի լուրջ գործ չստեղծած՝ գալիս եւ տեղ ու տարածք է ուզում, մոռանալով, որ տեղ-տարածքը որեւէ մեկը չի տալիս, իր ստեղծածի մեջ պետք է բերի ինքը՝ ընդլայնելով հոգեւոր հայրենիքի սահմանները, ոչ թե պահանջի: Նորով ուղեկցվենք, բայց մեզ առաջնորդողը Տերյանի «Հոգեւոր Հայաստանի» ավանդական դասը լինի:
***
Ընթերցողը հոգնել է հարթագրությունից՝ անդեմ, անհոգի: Բառը գրողի կերպարի կրողը պիտի լինի եւ պահի հոգեբանական պատկերը: Գրողի ծաղրն են ճմրթված, քամված, ծոցից-ծոց անցած բառերը: Բառը՝ եթե քեզանով չես լիցքավորում, ուրեմն՝ այն արդեն դատարկված պարկուճ է՝ առանց վառոդի, իզուր ես խցկում հրազենի փողի մեջ, չի պայթելու, չի կրակելու: Հազար վերմակ մաշած մտքերը ո՞ւմ են պետք. առավել եւս՝ մեղսագործություն է, երբ մեր երիտասարդ օժտվածները նույնիսկ «գրական առագաստների» մեջ են մտնում նրանց հետ. ինձ անհանգստացնողը առողջ սերնդի ծնունդն է, մեր գալիքը:
***
Բանաստեղծությունը ազատություն է: Տաղաչափությունը եւ մտածողությունը, ձեւը եւ բովանդակությունը պիտի ներկայանան լեզվի եւ ոգու ընձեռած անսահմանության մեջ, նրանց ողջ սերմի վրա: Ես գտնում եմ, որ մեր բանաստեղծությունը պիտի երկրի պտույտներին հակառակ գնա, որ... համընթաց լինի նրան: Սա որքան էլ պարոդոքսալ հնչի, այնուամենայնիվ, ճշմարտություն է:
2003թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#8  Сообщение Harutin » 04 дек 2011, 12:32

Երկու խոսք` «Գրանիշի» անդրանիկ համարի առիթով

Изображение

Текст:
Ասելիքիս ամբողջականությունը չկորցնելու համար ուզում եմ այն «կիսատել» ու մեջբերել մեղուների մասին հիշողությանս մեջ մնացած մի ալեգորիկ պատկեր: Իրողությունն այս է` մեղուներն իրենց համար մայր են ստեղծում, որ նրանից «ծնունդ» առնեն… Ուզում եմ ասել` ձեր ու մեղուների միջև ես արարչական աղերսներ եմ տեսնու՜մ, քանզի, ինչպես գիտեք, յուրաքանչյուր նոր (բառի լիակատար իմաստով) սերունդ ստեղծում է իր ժամանակը` դառնալով նրա խենթ, իմաստուն ու ծուռ զավակը, այլապես դարի սրընթաց «կառքը» ճռռալով կանգ կառներ անդունդի եզրին, իհարկե, բառի ոչ սելինջերյան իմաստով: Կանգ կառներ, քանի որ մարդը հոգնել է կաղապարներից, օրենքներից, սխեմաներից, քրքրամաշ ոճերից, սահմաններից, ձևերից ու հնոտիացած այն ամենից, ինչից արդեն սրտխառնուք ենք զգում, քանի որ դրանք, ի վերջո, դառնում են շղթաներ (մարդը շղթա է հորինել, որ ինքն իրեն խաբի «ազատությամբ»): Մեր իրականությունում, առանց չափազանցության, կարծրատիպերի ջարդ է սկսվել «Գրանիշ»-ով: «Գրանիշ»-ի տղաները ժամանակի մտածողության մեջ գեղարվեստական հեղափոխություն են նշանավորում իրենց գործերով: Եվ ամենակարևորը` ՈՐՈՆՈՒՄԸ նրանք վերադարձնում են Մարդուն, նրան, ով չի կարող առանց ինքնահակադրման հասնել ներքին ներդաշնակության, գոնե` մի թիզ, գոնե` մի քայլաչափ: Տիեզերքում ամեն մեկն ունի իր եզակի և անշփոթելի կետը, բնահողային կետը, որի վրա ինքը ինքն է, որի վրա Ջոյսը Ջոյսն է, Թումանյանը Թումանյանն է, Հովհաննես Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանն է, Ուիթմենն Ուիթմենն է, Կարեն Անտաշյանը Կարեն Անտաշյանն է, Արամ Պաչյանը Արամ Պաչյանն է, Գրիգոր Պըլտյանը` Գրիգոր Պըլտյան… «Գրանիշն» Աստծով սահմանված իր կետի վրա է: Կարդալով այն, ես իմ ոտքի տակ շոշափելիորեն զգում եմ միմիայն ինձ պատկանող կետ-տարածքը, որը կրում է իմ բջիջների, իմ մարմնի և հոգու, իմ էության ներքին կոդը: Ի վերուստ տրված: Ես կարծում եմ, ամեն մի ընթերցող (խոսքը մեծ ընթերցողների մասին է, ես ինձ այդպիսին եմ համարում, ներեցեք) մասնակից է դառնում հեղինակի հետ նրա ստեղծագործական աշխատանքին: Թեև, չի բացառվում, հեղինակը և ընթերցողը կարող են բոլորովին տարբեր բևեռներում հայտնվել` հակադիր սկզբունքներով ու մտորումներով, և դրանից գիրքը միայն շահում է: Գրողը վերջացնելով իր գործը` ամենևին էլ չի վերջացնում, այն շարունակում է զարգացնել ընթերցողը: Աստծո մեծագույն արարչագործությունը` մարդը, այդպես ինքնաարարման մեջ է անվերջ, որովհետև կատարելությունը անհասանելի է: Ես հիմա ձեր ընթերցողն եմ և դրա համար երախտագետ եմ «Գրանիշ»-ին, բոլորիդ: Մեր վերջին տարիների քաղաքական, սոցիալական, տնտեսական, գրական, մշակութային կատակլիզմների համապատկերում գրական-հասարակական մեծ ու անսովոր առաջընթացի խթան է այն գործը, որ անում է հանդեսը: Եվ ձեր խոսքը, համոզված եմ, գնում է այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ հոսել ու հոսում է մեր զոհյալների արյունը: Մեր ինքնության, մեր ազատության, մեր անկախության պատերազմը մեկն է, ուր սուրը գրիչ է, գրիչը` սուր, դպիրը` զինվոր, զինվորը` գրող... Մենք այս ժողովուրդն ենք: Սովամահ է լինում և, ի վերջո, պարտվում միայն այն ժողովուրդը, որը վառ ու նվիրյալ անհատներ չունի: (Ի դեպ, չմոռանանք, որ ժողովրդավարությանն ու քաղաքակրթության առաջին կերտողներն աշխարհում եղել են արվեստի մարդիկ, ԲԱՆ ստեղծողները): Հասարակությունը սովորաբար սնվում է (սա բոլոր ժամանակների օրինաչափությունն է, ամենավերջին վկան` Հրանտ Մաթևոսյանը) անհատներով, որոնք միշտ չէ, որ ժամանակի քիմքին հաճելի են լինում: Նման անհատներն իրենք են առաջարկում` ինքնազոհ, ինքնամատույց. «Ահա իմ մարմինը, վերցրեք և կերեք»: Ես ողջունում եմ ձեր սխրանքը, տղաներ: Մաղթում եմ, որ միշտ անընկճելի ու անկոտրելի լինեք, լինեք եզակիի ու մենության ձեր կետի վրա` կոդավորված ձեղանով: Դուք հիմա հայտնվել եք կրակի ամենաառաջին գծում: Եվ ակամայից ես հիշում եմ Օկտավիո Պասի խոսքը. «Նրան, ով կխիզախի հաղթահարել բառի երերուն և փշաքաղված բերդապատնեշը, ես կհամեմատեի սերմնահատիկի հետ: Նրանում ննջում է ապագան: Հարյուրամյակներ անց նրանց մթությունը վերածվում է լուսակիրության: Նրանց ներգործությունը գրվանի տակ է, բայց խորը, նրանք, ըստ իս, ոչ այնքան բանաստեղծությունների հեղինակներ են, որքան գալիք հեղինակների ստեղծողներ և արարողներ...»: Ինձ մեծապես հուզել է Արամ Պաչյանի վեպից բերված փոքրիկ հատվածը` («Երազանք») անսովոր պատկերային համակարգով, խտացված մտքի խորությամբ, նուրբ դիտողականությամբ ու զգացումի հստակ, անաղարտ մաքրությամբ. «Երբ քամու կարճ հոսանք էր անցնում, թռչունը կկոցում էր աչքերն ու կրկին անշարժանում: Ավագը նույնկերպ կկոցում էր իր աչքերը: Հետո ժամանակ առ ժամանակ շրջվում էր, ուղիղ նայում նրան, բայց թռչունն ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում, թեպետ չէր էլ արհամարհում: Կուրծքը քամուց ավելի էր փքվում, փետուրները սոսափում էին, փոխում երանգները: Ավագը զգում էր` թռչունին հոգու խորքում դուր էր գալիս իր ներկայությունը, չնայած այն բանին, որ ողջ էությունը ամփոփել էր հեռուներում թափառող հայացքի մեջ»: Անվերջ անակնկալներ է մատուցում Կարեն Անտաշյանը, մտիր Անտաշատ և տիեզերական հայտնություններ են ամեն քայլի: Շատ հավանեցի Հրաչյա Սարիբեկյանի գրիչը: Գրիգոր Պըլտյանը թարմ խոսք է բերում... «Դաժանորեն» անկեղծ է Եղիշի Մարինեն... Լույսի պես անկշռելի ու խորն են Արքմենիկ Նիկողոսյանի յուրաքանչյուր խոսքը, դիտարկումը: «Լեզվական իրացումներն արդի հայ պոեզիայում» հոդվածում գիտական-փիլիսոփայական հետաքրքիր պեղումներ է անում մեր այնքան սիրելի Հասմիկ Հակոբյանը: Աշոտ Գաբրիելյանի ստանձնած առաքելությունը հույժ ողջունելի է. Ռուբոկո Սյոն բալենու ծաղիկներ է ցողում մեր սրտին... Մի խոսքով` մեր գոյը հավաստող ու հաստատող (նաև` համաշխարհային իրականությունից) գործեր («ոչ ոք կվկայե չգոյեն»): Իմ խոսքում ես խնդիր չեմ դրել անդրադառնալու «Գրանիշ»-ի բոլոր գործերին, ձեռքբերումներին ու բացթողումներին, գլխավորն այն է, որ հենց առաջին «բեմելուց» հանդեսը դիմագիծ ու դեմք է ներկայացնում, բնավորություն ու մտածողական համակարգ, ինքնատիպ ոճ, իր հետ ճանապարհ է բերում: Պատվաբեր, ծանր, գեղեցիկ ու տառապալից գործ եք ձեռնարկել, տղաներ, խոստովանենք, բայց... «թեթեւ էր արվեստն իր` խնդում»: Զորություն ձեր գրչին ու գրին, անխոտոր ընթացք` «Գրանիշ»-ին, նորանոր հանդիպումների սեր ու սպասում` ընթերցողներին:
Հ.Գ. Կարծում եմ, «Գրանիշն» իր ընթերցողները կունենա նաև Արցախում: Եվ առաջիկայում դեռ ջոյսյան, պաչյանական, գրանիշյան շնորհանդեսներ, բազմաթիվ այլ միջոցառումներ են սպասվում Հայոց Արևելից Աշխարհում` Գանձասարի սուրբ հովանու ներքո:
Միշտ ձեր` Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ